ԱՊՐԻԼԻ 2-Ի ` ԼՈՒՅՍ 3-Ի ԳԻՇԵՐԸ «ԿՈՎԿԱՍ» ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՑ ՊՈՏԻԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԲԵՌԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի համար նախատեսված 18 վագոն հացահատիկով բեռնված երկաթուղային լաստանավը ապրիլի 2-ի` լույս 3-ի գիշերը «Կովկաս» նավահանգստից (Ռուսաստան, Կրասնադարի մարզ) կժամանի «Պոտիի» նավահանգիստ (Վրաստան), տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Հայաստանի երկաթուղիների գերատեսչության պետ Արարատ Խրիմյանի խոսքերով` երկաթուղային լաստանավով այդ բեռի տեղափոխումը Հայաստան կազմակերպված է առաջին անգամ` վերջին 14 տարիների ընթացքում: Ավելի վաղ, հացահատիկով բեռնված երկաթուղային 18 վագոն ուղարկվել է «Պոտիի» նավահանգիստ Վրաստանի համար, իսկ մանգանի հանքաքարով բեռնված 20 վագոն Պոտիից արդեն ուղարկվել է «Կովկաս» նավահանգիստ` Ուկրաինայի համար: Ներկայումս «Կովկաս» նավահանգստում հայկական 29 վագոն բեռից մնացել է 11-ը, որոնցից միանգամից հնարավոր է եղել տեղափոխել 18 վագոնը: Հիշեցնենք, որ «Կովկաս» եւ «Պոտի» նավահանգիստների միջեւ երկաթուղային լաստաուղու բացման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2005 թվականի հունվարի 10-ին Թբիլիսիում` Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսի Ալեքսիշվիլու միջեւ: Կողմերը ստորագրել են նաեւ համաձայնագիր` փոխադրումների կանոնների եւ փոխադրաուղու շահագործման ժամանակավոր կանոնների մասին: «Պոտի-Կովկաս» լաստաուղուց, Ռուսաստանից եւ Վրաստանից բացի, կարող են օգտվել նաեւ Հայաստանը, Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---