ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԵՐԿՐՈՐԴ ԱՌԱՋԱՐԿՈՎ

PanARMENIAN.Net - Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները` թուրքական «Զաման» թերթը հաղորդել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանը կարող է առաջարկել «դեմ առ դեմ» հանդիպում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մայիսին կայանալիք միջազգային հավաքներից մեկում: Թերթը նշում է, թե Հայոց ցեղասպանության մեղադրանքներն ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկից հետո սա կլինի Էրդողանի երկրորդ նախաձեռնությունը: Էրդողանը եւ Քոչարյանը մասնակցելու են մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Երկրորդ աշխարահամարտի Հաղթանակի 60-ամյակի հանդիսություններին, ինչպես նաեւ մայիսի 15-16-ը Վարշավայում կայանալիք Եվրախորհրդի գագաթաժողովին: Ինչպես գրում է «Զամանը», Թուրքիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, թե Էրդողան-Քոչարյան հանդիպումը նախատեսվում է անցկացնել Եվրախորհրդի գագաթաժողովի օրերին: Նշվում է, որ հանդիպման ժամկետի եւ վայրի մասին առայժմ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հանդիպման հնարավորությունը «կարող է ստեղծվել» գագաթաժողովի ընթացքում` միաժամանակ չի բացառվում, որ հանդիպումը չկայանա: «Զամանը» նշում է, որ եթե հանդիպումը, այնուամենայնիվ, տեղի ունենա, դա կլինի Հայոց ցեղասպանության թեմայով Հայաստանի եւ Թուրքիայի նման կարգի պաշտոնյաների առաջին դեմ առ դեմ քննարկումը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ի թղթակցին, Հայաստանի նախագահի աշխատակազմում տեղեկություններ չունեն ՀՀ ղեկավարի եւ Թուրքիայի վարչապետի հնարավոր հանդիպման մասին: Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետը նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահին ` առաջարկելով ստեղծել «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված խումբ, որը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ` երրորդ երկների արխիվները, եւ իր եզրահանգումները կներկայացնի միջազգային հանրությանը»: Պատասխան նամակում Ռոբերտ Քոչարյանը մերժել էր համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը` փոխարենն առաջարկելով առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ:




 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---