Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԱԿԻ ՌԻՍԿԻ ԴԻՄԵՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը իրական չի համարում 2005 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին կանխատեսումները: «Կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռեւս համաձայնեցված չեն»,- Երեւանում սեպտեմբերի 5-ին ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարը: Ընդսմին ԼՂՀ ղեկավարը դրական է գնահատել այն փաստ, որ պաշտոնական Բաքուն «խոսում է հանրաքվեի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին»: Ղուկասյանի խոսքերով` նախկինում Ադրբեջանն ընդհանրապես չէր շոշափում այդ հարցերը: «Այսօր Ադրբեջանն աշխատում է էլ ավելի կոնստրուկտիվ դաշտում, քան առաջ, սակայն որեւէ նյութական առաջընթաց առայժմ դժվար է պատկերացնել»,- նշել է նա: Լեռնային Ղարաբաղի նախագահը գտնում է, որ հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ինչպես նաեւ այդ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մակարդակով չեն կարող փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, որը ենթադրում է Ստեփանակերտի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններում: Ղուկասյանը դրական գնահատելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների շփումները` գտնում է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության դժվար է լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը»: «Այն փաստը, որ ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, նշանակում է, որ մենք կազմում ենք այդ ձեւաչափի մի մասը»,- ընդգծել է նա: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Արկադի Ղուկասյանը, նա ԵԱՀԿ ղեկավարի ուշադրությունը հրավել է «Ադրբեջանի նախագահի ռազմամոլական հայտարարությւոններին»: «Գտնում եմ, որ Ալիեւը դրանով իսկ լուծում է ներքաղաքական խնդիրներ, սակայն մյուս կողմից այդ խանգարում է ընդհանուր գործընթացին, քանզի լուծելով ներքաղաքական խնդիրներ` Ալիեւը դառնում է սեփական հայտարարությունների գերի»,- նշել է Ղուկասյանը: «Որպեսզի լուծվի այդ հակամարտությունը, կողմերը պետք է որոշակի ռիսկի գնան` տան ինչ որ բան, որպեսզի ստանան ինչ որ բան: Այսօր Ադրբեջանը նման ռիսկի պատրաստ չէ: Նրանց թվում է, որ կարող են ստանալ ամեն ինչ, սակայն դա անհնար է: Մենք մեզ հաշիվ տալիս ենք, որ կարող է ընդունվեն ոչ ժողովրդական որոշումներ: Սակայն այդ ոչ ժողովրդական որոշումները պետք է վերաբերվեն բոլորին` ոչ միայն մեզ: Մենք պատրաստ ենք անցնել ճանապարհի մեր ուղին, եթե այդ անի Ադրբեջանը»,- հայտարարել է Ղուկասյանը: Պատասխանելով այն հարցին, թե հատկապես ինչը կարող է ղարաբաղցիների համար դառնալ ոչ ժողովրդական որոշում` Ղուկասյանը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում այսօր կան այնպիսի մարդիկ, որոնց համար ոչ ժողովրդական են նույնիսկ Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունները»: Շոշափելով ենթադրությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գուցե «մեկ աստիճան ցածր է անկախությունից»`Ա.Ղուկասյանը պատասխանել է, որ «ես չեմ պատկերացնում նման տարբերակ` դա նույնն է, ինչպես մի քիչ հղի լինելը»,- տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---