ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԼԹԵՆ ԴԵ ՊԱԼՅՈՒ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայի Ալթեն դե Պալյու քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ Ժան Ալթենի (Հովհաննես Ալթունյան) հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ալթեն դե Պալյուի քաղաքապետը, պետական ու քաղաքական գործիչներ, տեղի հազարից ավելի բնակիչներ: Սա տվյալ շրջանում Ժան Ալթենի երկրորդ հուշարձանն է: Առաջինը տեղադրվել է 1847թվականին Ավինյոն քաղաքի Պապի նստավայրի պարտեզում` ի նշան տեղի ժողովրդի երախտագիտության այն ավանդի համար, որ Հովհաննես Ալթունյանն ունեցել է շրջանի տնտեսական բարգավաճման գործում: Ալթեն դե Պալյու քաղաքում արդեն իսկ տեղադրված է եղել Ժան Ալթենի արձանը, որը ոչնչացվել է 1942թ. գերմանական զինվորների կողմից: Քաղաքի բնակիչները միաձայն որոշեցին, որ նախորդի տեղում պիտի կանգնեցվի Հովհաննես Ալթունյանի նոր հուշարձան: Ներկայացված տասնհինգ նախագծերից տեղական հանրաքվեի միջոցով նախապատվությունը տրվեց գերմանացի քանդակագործ Մարսելա Կրացի նախագծին: Հովհաննես Ալթունյանը Ավինյոնում հաստատվել է 1756 թվականին: Պատմական աղբյուների վկայությամբ` նրա շնորհիվ է, որ զարգացել է տեղի նախ գյուղատնտեսությունը, ապա տնտեսությունն ընդհանրապես, ինչը նրան բերել է ոչ միայն համաժողովրդական ճանաչում, այլեւ Լյուդովիկոս 15-րդի անձնական հովանավորությունը: Ելույթ ունենալով հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, Է. Նալբանդյանը նշեց, որ Ժան Ալթենի արձանը մեկն է Ֆրանսիայի ողջ տարածքով սփռված այն հարյուրավոր վկայություններից, որոնք խորհրդանշում են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող եղբայրական հարաբերությունները ու դարավոր ավանդույթները:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---