ԱՀ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՐԱԳԱՆԱ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Ադրբեջանի բոլոր քաղաքական ուժերը հիմնականում ուշադրությունը կենտրոնացրել են քարոզարշավի վրա, եւ ղարաբաղյան խնդիրը որոշ չափով ետին պլան է մղվել, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Ոմանք հայտարարում են, որ դա ժամանակավոր է, եւ ընտրություններից հետո ղարաբաղյան թեման կրկին նախկին տեղը կզբաղեցնի օրակարգում: Նրանց կարծիքով, ղարաբաղյան խնդրի լուծումը որոշ չափով կախված է խորհրդարանական ընտրություններից` ժողովրդավարական ընտրությունները կարող են արագացնել խնդրի կարգավորումը: Այդպես, ըստ Ղարաբաղի ազատագրման կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղիի, բոլոր թեկնածուների ընտրական ծրագրում, անկախ քաղաքական պատկանելությունից, ղարաբաղյան խնդիրը պետք է կարեւոր դեր զբաղեցնի, բոլոր թեկնածուները պետք է հիշեն, որ Ադրբեջանի Միլի մեջլիս ընտրվելու դեպքում նրանց առաջին գործը պետք է լինի ղարաբաղյան խնդրի լուծումը: Նրանք պետք է մշտապես զգան իրենց բարոյական պատասխանատվությունը այդ առումով: Ա.Նաղիի կարծիքով, խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական անցկացումը շատ կարեւոր է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, քանի որ ժողովրդավարական ճանապարհով ձեւավորված խորհրդարանն է, որ արտահայտում է ժողովրդի կամքը: «Այսօր ադրբեջանական ժողովրդի կամքը կապված է Ղարաբաղի ազատագրման եւ բռնի տեղահանվածների վերադարձի հետ: Հակառակ դեպքում մենք շատ բան կկորցնենք: Ոչ ժողովրդավարական ըտրությունները մեզ 5 տարով հետ կմղեն»,-հայտարարել է նա: ՂԱԿ-ի նախագահը հայտարարել է, որ հիմնական կարգախոսները եւ պահանջները նախընտրական զանգվածային միջոցառումներում պետք է կապված լինեն Ղարաբաղի հետ: Նրա խոսքերով, մոտ օրերս նախաձեռնություն կառաջադրվի ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների եւ անկախ թեկնածուների կողմից հուշագիր ստորագրելու վերաբերյալ, որի համաձայն յուրաքանչյուր թեկնածու կոնկրետ պարտավորություններ կստանձնի Ղարաբաղի հետ կապված: Ադրբեջանի Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնակատար Ավեզ Տեմիրխանովը ասել է, թե ԱՀ բոլոր քաղաքական ուժերի կենտրոնանալը ընտրությունների վրա, նորմալ երեւույթ է եւ դա չի նշանակում, որ ղարաբաղյան խնդիրը մոռացության է մատնվում: «Ղարաբաղը մնում է յուրաքանչյուր ադրբեջանցու առաջնահերթ խնդիրը: Սակայն հարկ է հաշվի առնել, որ երկրի հիմնական խնդիրների լուծումը կապված է ժողովրդավարական ընտրությունների հետ»: Ըստ Ա.Տեմիրխանի, լիբերալները չեն հավատում, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն լիովին ժողովրդավարական, եւ չեն համարում, որ այդ ընտրությունները կազդեն ղարաբաղյան խնդրի լուծման վրա: Սակայն, իրենց կարծիքով, եթե ընտրությունները դեմոկրատական լինեն, խնդրի լուծումը կարագանա. «Ներկա իրավիճակում կարեւոր է զանգվածային ակցիաների անցկացումը, քանի որ դա իշխանությունների վրա ճնշում գործադրելու միակ միջոցն է: Այդ պատճառով պատշաճ մակարդակով զանգվածային ակցիաների կազմակերպման համար անհրաժեշտ է ժողովրդավարական ուժերի համախմբում: Գտնում եմ, որ ղարաբաղյան խնդրի լուծումը որոշ չափով կախված է նաեւ խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական անցկացումից: Իսկ ընդդիմության լուրջ գործողությունները կարող են կարեւոր դերակատարություն ունենալ: Հավանաբար, ընտրություններից հետո խաղաղ բանակցությունների ընթացքը կարագանա»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---