Նախնական տվյալներով Ադրբեջանում կայացած ընտրություններում հաղթել են իշխող ուժերը

PanARMENIAN.Net - Քվեաթերթիկների 85 տոկոսի մշակման արդյունքներով Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը, որը գլխավորում է ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւը: Նախնական տվյալներով իշխողները նոր խորհրդարանում կունենան 125 տեղից 63-ը: Անկախ պատգամավորները կզբաղեցնեն 40 տեղ: Ընդդիմադիր կուսակցություններից առավելագույն տեղ կունենա «Մուսավաթը»: Ըստ նախնական տվյալների այդ կուսակցությունը կունենա 4 մանդատ: Նշենք, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 46,83 տոկոսը կամ 2 միլիոն 183 հազար 913 ընտրող: Հանրապետության ԿԸՀ-ն հայտարարում է, որ լուրջ խախտումներ ընտրությունների ընթացքում չեն գրանցվել:



Ադրբեջանում ընտրական ընթացքին հետեւող Ժողովրդավարության ամերիկյան կենտրոնի տնօրեն Ռեյչել Էրենֆելդը եւ Ժողովրդավարության ինստիտուտի վերլուծաբան, դոկտոր Ռադիշեւսկին գոհունակություն են հայտնել խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, նշել են, որ «դարձել են ավելի ուրախալի տեսարանի վկաները», քան ակնկալում էին: Ռեյչել Էրենֆելդը, մասնավորապես, նշել է.«Երեկ մենք դիտարկում ենք անցկացրել 10 տեղամասերում: Մենք շատ գոհ ենք կազմակերպչական աշխատանքներից: Իսկ ամենաուրախալին այն է, որ յուրաքանչյուր ընտրող գիտակցում է իր ձայնի կարեւորությունը»:



Իր հերթին Ռադիշեւսկին նկատել է. «Մենք դիտարկում ենք անցկացրել ԱՊՀ երկրներում` Ուկրաինայում, Ղրղզստանում եւ այլուր: Պետք է խոստովանեմ, որ նման բարձր մակարդակի ընտրատեղամասերի ստեղծումը Ադրբեջանում մեծապես տպավորել է մեզ: Ընտրողները գիտակցում են իրենց պատասխանատվությունը եւ խնդիրները ժողովրդավարական ընտրությունների ոլորտում: Ադրբեջանի ղեկավարությունը նունյպես առավելագույնս օգտագործել է առկա հնարավորությունները ընտրողների ակտիվ մասնակցության համար, պայմաններ է ստեղծել ժողովրդավարական գործընթացում քաղաքացիների մասնակցության համար: Պետք է խոստովանել, որ ԱՄՆ-ում ոչ մի ընտրական գործընթացի ժամանակ ես չեմ հանդիպել օտարերկրյա դիտորդների հետ: Դա բացատրվում է նրանով, որ քվեարկության գործընթացը մեր երկրում իրականացվում է էլեկտրոնային միջոցներով: Կարծում եմ, որ դիտորդների գործոնը շատ կարեւոր է ժողովրդավարական ընտրությունների համար: Ադրբեջանում ինձ հիացրած պահերից մեկը թեկնածուների քանակն էր: Օրինակ, ընտրատարածքներից մեկում, որտեղ մենք դիտարկում էինք անցկացնում, գրանցված էր 22 թեկնածու: Դա վկայում է այն հնարավորությունների մասին, որոնք ստեղծված են այն նպատակով, որ յուրաքանչյուր շարքային քաղաքացի կարողանա զբաղվել քաղաքականությամբ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---