Ռամիլ Սաֆարովի գործը. Ադրբեջանական կողմը փորձում է հարուցել հունգարական ԶԼՄ-ների խղճահարությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբրի 26-ին Բաքվի Միջազգային մամլո կենտրոնում տեղի ունեցավ «կլոր սեղան»` նվիրված ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի ճակատագրին, որը դատի է սպասում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Միջոցառման սկզբում կազմակերպիչները ընթերցեցին ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների եւ ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կոչն` ուղղված հունգարական ԶԼՄ-ներին եւ ՈԿԿ-ին: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող Ռ.Սաֆարովի դատավարության վերաբերյալ հունգարական ԶԼՄ-ների մատուցումը ակնհայտորեն օբյեկտիվ չէ: Մենք խնդրում ենք ձեզ առավել ուշադիր մոտենալ այս խնդրին: Հայտարարության մեջ ասվում է, որ «այսօրվա դրությամբ Ադրբեջանում բնակվում են շուրջ 30.000 հայեր, որոնց հանդեպ ոչ մի միջադեպ չի գրանցվել»: «Եթե դուք կասկածներ ունեք մեր նշված փաստերի վերաբերյալ, ապա մենք մեծ ուրախությամբ կկազմակերպենք ձեր այցն Ադրբեջան, որպեսզի դուք տեսնեք ճշմարտությունը ձեր աչքերով»,-նշում են հայտարարության հեղինակները: Ադրբեջանական ԶԼՄ-ների եւ ՈԿԿ-ի ներկայացուցիչները մտադիր են հունգար գործընկերներին ուղարկել իբր տեղ գտած «Խոջալուի ցեղասպանության» իրադարձությունները պատկերող տեսանյութը, որի «վկան է» եղել Ռ.Սաֆարովը:



«Այդ կապակցությամբ, դժվար չէ հասկանալ Ռ.Սաֆարովի զգացմունքները, որը կորցրել է իր ողջ ունեցվածքը եւ բազմիցս անգամ վիրավորանքների է ենթարկվել Գուրգեն Մարգարյանի կողմից: Անկասկած, վերջին խոսքը դատավորինն է: Սակայն մենք դիմում ենք ձեզ խնդրելով առավել ուշադիր լինել այս միջադեպի վերաբերյալ նյութեր գրելիս: ԶԼՄ-ները եւ ՈԿԿ-ը մեծ դեր են կատարում հասարակական կարծիքի ձեւավորման գործում: Մենք հավատում ենք, որ դուք մեզ կհասկանաք եւ կծանոթացնենք հունգար ժողովրդին այս հայտարարության հետ»,-ասվում է հայտարարության մեջ: Նմանատիպ կոչ է հասցեագրված նաեւ Բուդապեշտի դատարանի դատավոր պարոն Անդրեշ Վաշկուտիին անձամբ: «Կլոր սեսղանի» ընթացքում AHC ընկերությունների խմբի նախագահ Վահիդ Մուստաֆաեւը հանդես է եկել Դիտարկման կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ, որը կզբաղվի այդ խնդրով: «Օրինակ, մեր լրագրողներից երկուսը կամ երեքը կարող են հետեւել Ռ.Սաֆարովի գործի վերաբերյալ հունգարական ԶԼՄ-ներում հրապարակվող նյութերին: Անհրաժեշտ է նաեւ ֆինանսավորել մեր պատվիրակության այցը Բուդապեշտ: Բացի այդ, պետք չէ ամաչել եւ հարկավոր է ուղղակի սյունյակներ գնել հունգարական ԶԼՄ-ներում, որտեղ կտպագրվի մեզ համար անհրաժեշտ տեղեկատվությունը», հայտարարել է Վ.Մուստաֆաեւը:



Նշենք, որ դատավարության ընթացքում պարզվել էր, որ Խոջալուիի իրադարձությունների ժամանակ, Ռ.Սաֆարովը Ադրբեջանում չի եղել եւ, հետեւաբար, չէր կարող այդ իրադարձությունների վկան լինել: Ավելին, ըստ երկրորդ ադրբեջանցի զինծառայող Անար Ալիեւի ցուցմունքների, որը նույնպես մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին, ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ հայ եւ ադրբեջանցի սպաների միջեւ չի եղել: Այդպիսով, բոլոր հայտարարությունները «Ռ.Սաֆարովին վիրավորանքներ հասցնելու մասին» անհիմն են: Ռ.Սաֆարովի գործով դատարանի հաջորդ նիստը կկայանա 2006 թվականի մարտի 7-ին:



Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին, գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից` ադրբեջանցի սպայի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնահատուկ դաժանությամբ կատարված սպանություն, եւ մահափորձ մեկից ավելի անձանց հանդեպ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---