ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների խորհրդաժողովի ընթացքում պատրաստվել է Թուրքիայի իրավիճակի մասին փաստաթուղթ, որի համաձայն քրիստոնյաներն այդ երկրում ենթարկվում են ճնշման: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հաշվետվությունում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայում քրիստոնյաներն իրավահավասար քաղաքացիներ չեն համարվում: Որպես օրինակ բերվում է այն փաստը, որ անձնական ինքնության հավաստագրերում քրիստոնյաները նշվում են հատուկ «31» կոդային համարով: Բացի դրանից, քրիստոնյաները փաստորեն զրկված են վարչական կամ ռազմական հաստատություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից: Օրենքը եւ իրավաբանական պրակտիկան Թուրքիայում ունեն «երկու կողմ», նշվում է Եպիսկոպոսների խորհրդի փաստաթղթում: Մի կողմից, քրիստոնյաները ձեւականորեն ունեն մահմեդականներին հավասար իրավունքներ, սակայն իրականում հաճախ հնարավորություն չունեն օգտվել դրանցից: Խորհրդաժողովի ընթացքում նշվել է նաեւ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների կառուցման կամ վերակառուցման անհնարինությունը: 19-րդ դարի սկզբին քրիստոնյաները կազմել են երկրի բնակչության ընդհանուր թվի 20 տոկոսը, իսկ այսօր նրանց թիվը չի գերազանցում 1 տոկոսը: 1,5 մլն հայ քրիստոնյաներ 1915-1923 թվականների ցեղասպանության զոհ են դարձել, ինչն այսօր արգելված թեմա է Թուրքիայում: Բացի դրանից, քրիստոնյաների նկատմամբ շարունակվող ճնշումն ստիպում է նրանց արտագաղթել Թուրքիայից: Արդյունքում ուղղափառ հավատքի ավելի քան 50 հազար հետեւորդ ապաստան են գտել Գերմանիայում եւ այլ երկրներում, նշվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---