Վ.Պուտին. Վրաստանի իշխանությունների գործողությունները պետական ահաբեկչություն է` պատանդների հափշտակմամբ

PanARMENIAN.Net - Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել ռուս-վրացական հարաբերությունների վերջին զարգացումներին: «Չնայած նրան, որ Ռուսաստանը հետեւողականորեն կատարում է բոլոր պայմանավորվածությունները մեր զինվորական ստորաբաժանումները հանրապետության տարածքից դուրս բերելու վերաբերյալ, չնայած այս ամենին, ինչպես հայտնի է, Վրաստանում ձերբակալվել եւ բանտ են նետվել մեր զինծառայողները: Սա Լավրենտի Բերիայի քաղաքականության իրավահաջորդության նշան է ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Հավանաբար, դիրքորոշումն է այդպիսին: Միանգամայն պարզ է, որ Ռուսաստանին ցանկանում են ցավ պատճառել, սադրանքի մղել: Դա բոլորի համար պետք է ակնհայտ լինի: Եվ հավանաբար, նրանք, ովքեր դա անում են, կարծում են, որ արտաքին քաղաքականության հակառուսական ուղղվածությունը բխում է վրաց ժողովրդի շահերից: Չեմ կարծում, որ դա այդպես է: Այդ մարդիկ կարծում են, որ, գտնվելով իրենց արտերկրյա հովանավորների տանիքի տակ, կարող են իրենց հարմարավետ եւ ապահով զգալ: Այդպե՞ս է դա արդյոք իրականում: Կցանկանայի այսօր լսել քաղաքացիական գերատեսչությունների եւ ռազմական մասնագետների ներկայացուցիչներին: Հավանաբար, կան ուժեր, որոնք ուղղակի մասնագիտանում են նորանոր ճգնաժամեր առաջացնելու վրա, կարծելով, թե դա կշեղի ուշադրությունը հին խնդիրներից: Հավանաբար, կարճաժամկետ հեռանկարում դա կարող է այդպիսի արդյունք ունենալ: Սակայն ակնհայտ է, որ դա չի նպաստի հին եւ բավականին լուրջ ճգնաժամերի հանգուցալուծմանն աշխարհում»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Վրաստանի ղեկավարության գործողությունների առնչությամբ Ռուսաստանի նախագահը մտադիր է առաջիկա շաբաթվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնել Պետդումայում ներկայացված քաղաքական կուսակցությունների, ինչպես նաեւ Դաշնության Խորհրդի ղեկավարության հետ: Ռուսաստանի ղեկավարը ցուցում է տվել Պաշտպանության նախարարությանը, չնայած ստեղծված իրավիճակին շարունակել Վրաստանի տարածքից ռուսական Զինված ուժերի դուրս բերումն ըստ միջոցառումների պլանի, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---