Թուրքական դատարանը կարճել է Աթաթուրքի կնոջ մասին գրքի հեղինակի դեմ հարուցված գործը

PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը կարճել է գրող Իպեկ Չալիշլարի դեմ հարուցված գործը, որին մեղադրում են հակաթրքության համար ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կնոջ` Լատիֆայի մասին վեպի հրապարակումից հետո: Գրքում Չալիշլարը մի դեպք է հիշատակում, երբ Աթաթուրքը, թաքնվելով վարձու մարդասպաններից, լքել է պաշարված տունը կանացի զգեստով: Այդ դրվագն էլ առիթ է հանդիսացել դատավարության համար: Իպեկ Չալիշլարի «Լատիֆա խանըմ» վեպը մասնակիորեն հրապարակվել է առաջատար թուրքական «Հյուրիեթ» թերթում եւ «բեսթսելլեր» է դարձել 2006 թվականի ամռանը: Դատախազության ուշադրությունը կանացի զգեստի հետ կապված դրվագին է հրավիրել մի զգոն ընթերցող, որը համարել է, թե գրքի հեղինակը ակնարկում է ազգի նախահոր վախկոտությունը: 59-ամյա Չալիշլարի դեմ մեղադրանք էր հարուցվել 1951 թվականի Աթաթուրքի հիշատակի պահպանման մասին հոդվածով: Գրողին չորս ու կես տարվա ազատազրկում էր սպառնում:



Իպեկ Չալիշլարի դեմ հարուցված գործը փակվեց Եվրամիության ճնշման տակ, որը մեղադրեց Թուրքիային խոսքի ազատության ոտնահարման եւ մտավորականների հետապնդման համար: 2006 թվականին դադարեցվեցին նաեւ գրականության գծով Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի եւ գրող Էլիֆ Շաֆակի դեմ հարուցված նմանատիպ գործերը, հաղորդում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---