Գերմանիայում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ կարծիքները կիսվել են

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը «Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում նախազգուշացրել է կանցլեր Անգելա Մերկելին (ՔԴՄ) թուրքական հարցում «ոչ ադեկվատ արձագանքների» հետեւանքների մասին: Ի պատասխան Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) գլխավոր քարտուղար Ֆոլկեր Կաուդերը Շտայնմայերի դիտողությունն «ավելորդ» է համարել եւ նկատել է, որ Մերկելը Թուրքիայի հարցում միշտ վարել է «հետեւողական եւ իմաստուն» քաղաքականություն: Ըստ կաուդերի, սոցիալ-դեմոկրատները չպետք է «կեղծ ազդանշաններ» հղեն Թուրքիային: Իր հերթին, պահպանողական Քրիստոնյա-սոցիալական միության (ՔՍՄ) ղեկավար Էդմունդ Շտոյբերը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում պահանջել է անհապաղ սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ մինչեւ որ նա չկատարի ԵՄ-ի հետ կնքած պայմանավորվածությունները:



Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, եթե Թուրքիան երես թեքի Եվրամիությունից, դա կդառնա Եվրոպայի խոշոր ռազմավարական պարտությունը: «Եվրոպայի շահերից է բխում ներառել այդ խոշոր երկիրը եվրոպական արժեքների համակարգ, քանի որ Թուրքիան կամուրջ է հանդիսանում քրիստոնյա Արեւմուտքի եւ իսլամական Արեւելքի միջեւ: Այն մասին, որ բանակցությունները դժվար են լինելու, հայտնի էր ի սկզբանե»,-ասել է գերմանական ԱԳՆ ղեկավարը:



Ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն նույնպես արտահայտվել է բանակցությունները շարունակելու օգտին, սակայն գերադասել է գերմանացի պահպանողականների շրջանում ժողովրդականություն վայելող Թուրքիայի «արտոնյալ գործընկերության» գաղափարը ԵՄ-ին լիարժեք անդամակցելու փոխարեն: Իր հերթին բունդեստագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության ղեկավար Պետեր Շտրուկը հիշեցրել է Շոյբլեին ՔԴՄ-ի հետ կնքած կոալիցիոն պայմանագրի առկայության մասին: Այնտեղ գրված է, որ Գերմանիան ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների վերջնական նպատակը համարում է նրա լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը, գրում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---