ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրաքից զորքերը դուրս բերելու մասին օրինագիծ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը չորեքշաբթի օրինագիծ է ընդունել Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, հաղորդում է AP գործակալությունը: Փաստաթղթի օգտին քվեարկել են Ներկայացուցիչների պալատի 218 անդամներ, դեմ է եղել 208 ձայն: Ակնկալվում է, որ ստորին պալատի ընդունած օրինագիծը, որտեղ մեծամասնություն են կազմում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, ԱՄՆ նախագահ Ջ.Բուշի հաստատմանը կներկայացվի 2007 թվականի մայիսին: Այսօր ակնկալվում է, որ օրինագիծը հավանության կարժանանա ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում` Սենատում, որտեղ մեծամասնությունը եւս պատկանում է դեմոկրատներին: Կոնգրեսի երկու պալատներն արդեն հասել են նախնական համաձայնության այդ փաստաթղթի վերաբերյալ:



Ամերիկյան զորքերի դուրս բերման վերաբերյալ կետն ընդգրկվել է Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմի համար լրացուցիչ ծախսերի մասին բյուջետային օրինագծում` 124,2 մլրդ չափով: Բյուջետային հատկացումները, ասվում են փաստաթղթում, կհատկացվեն այն պայմանով, որ զորքերի դուրս բերումը Իրաքից սկսվի ոչ ուշ, քան 2007 թվականի հոկտեմբերի 1-ը եւ լիովին ավարտվի մինչեւ 2008 թվականի ապրիլի 1-ը:



Նախագահ Բուշը բազմիցս հասկացրել է, որ վետո կդնի Կոնգրեսի ցանկացած բանաձեւի վրա, որով նախատեսվում է Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու ժամկետներ: ԱՄՆ նախագահը, որ ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, եւ նրա վարչակազմի անդամները պնդում են, որ ամերիկյան զորքերը պետք է մնան Իրաքում այնքան, մինչեւ որ իրավիճակն այդ երկրում նորմալանա, գրում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---