Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կփոխանցի Կոսովոյի անկախության վերաբերյալ բանաձեւի նախագիծը

PanARMENIAN.Net - Արդեն մոտակա օրերին ԱՄՆ-ն կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ փոխանցել Կոսովոյի անկախության վերաբերյալ բանաձեւի նախագիծը: Դա կարող է տեղի ունենալ Անվտանգության անդամ 15 դեսպանների վերադարձից հետո Բելգրադից եւ Պրիշտինայից, որտեղ նրանք Ռուսաստանի նախաձեռնությամբ ուսումնասիրում են ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձեւի կատարման հետ կապված իրավիճակը: Ի դեպ, Վաշինգտոնը պատրաստ է ճանաչել մարզի անկախությունը նաեւ առանց ԱԽ որոշման` միակողմանի կարգով, անմիջապես այն բանից հետո, երբ դա անի Կոսովոն:



Կոսովոյում ՄԱԿ-ի Ժամանակավոր վարչակազմի տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Իվանկոյի խոսքերով, ԱԽ ներկայացուցիչների այցի ծրագիրը տարածաշրջան բավականին հագեցած է: Երեկ դեսպանները բանակցել են Սերբիայի նախագահի եւ վարչապետի հետ: Արդեն երեկոյան պատվիրակությունը ժամանել է Պրիշտինա: Ուրբաթ օրվա առաջին կեսին պատվիրակությունը հանդիպել է Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի հետ: Այնուհետեւ նախատեսվում են հանդիպումներ մարզի նախագահի, վարչապետի եւ նախարարների հետ: Այնուհետեւ` տեղի կաթոլիկ եպիսկոպոսի եւ իսլամական ընկերակցության փոխնախագահի հետ:



Դրանից հետո դեսպանները կհանդիպեն Ռաշկո-Պրիզրենսկի եպիսկոպոս Արտեմիի հետ, որը Սերբիայի ուղղափառ եկեղեցու Կոսովոյի «բաժանմունքի» ղեկավարն է: Զրույցներ տեղի կունենան սերբերի եւ ալբանացիների հետ Միտրովիցա քաղաքում: Պատվիրակները կայցելեն Սվինարե գյուղը, որտեղ Կոսովոյի Պաշտպանության կորպուսի օգնությամբ վերականգնվել են 70 տներ` գյուղը լքած սերբերի համար: Շաբաթ օրը ՄԱԿ-ի ԱԽ ներկայացուցիչները կլինեն եւս մի քանի բնակավայրերում, որտեղ ապրում են սերբեր եւ ալբանացիներ, որոնք անցած պատերազմի վկաներն են:



«Սակայն Վաշինգտոնն իր տեսակետն ունի Կոսովոյի ապագայի հարցում, որը ձեւականորեն մնում է Սերբիայի կազմում: Տարածաշրջան այցելելուց հետո ԱՄՆ-ն նախատեսսում է ՄԱԿ-ի ԱԽ-ին նոր բանաձեւ ներկայացնել, որը կփոխարինի գործող 1244 բանաձեւը»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը: Ըստ ամերիկյան վարչակազմի, միջազգային իրավունքը չի լիազորում ՄԱԿ-ին անկախ պետություն ստեղծել: Ուստի հիշատակված փաստաթուղթը Կոսովոյին անկախություն չի տրամադրի, այլ միայն կվերացնի քաղաքական եւ իրավաբանական խոչընդոտները, որպեսզի կոսովարները կարողանան ինքնուրույն հռչակել այն, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---