ԵՄ. Արդար ընտրությունների անցկացումը անհրաժեշտ է Հայաստանի եվրաինտեգրման խորացման համար

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման սկզբում Բենիտա Ֆեռերո-Վալդները գոհունակություն հայտնեց ԳԾ իրագործման Հայաստանի ներգրավվածությամբ եւ նշեց, որ ԵՀ սպասում է Հայաստանի կողմից ԳԾ առաջնայնությունների ներկայացմանը: Նախարար Օսկանյանը տեղեկացրեց հայաստանյան շահագրգիռ գերատեսչություններում այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին` նշելով ՀՀ մտադրությունը ծրագրի հնարավորինս արդյունավետ ձեւով իրականացմանը: Դրան մեծապես կնպաստի Երեւանում Եվրոպական հանձնաժողովի լիարժեք առաքելության բացումը: ԵՀ հանձնակատարը հավաստիացրեց, որ այդ հարցը ԱՀ առաջնային օրակարգում է: Այնուհետեւ կողմերը քննարկեցին Հարավային Կովկասի երկրներին վերաբերող հարցեր, մասնավորապես տարածաշրջանային համագործակցության համար նպաստավոր մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման ծրագրի դեմ ԵՀ հստակ դիրքորոշման հնչեցումը:



ԵՀ արտաքին հարաբերությունների հանձնակատարն անդրադարձավ Հայաստանում առաջիկա ընտրություններին: Նա գոհունակություն արտահայտեց Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության աշխատանքների համար Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանների կապակցությամբ: Ընդգծվեց ազատ եւ արդար ընտրությունների կարեւորությունը Հայաստանի եվրաինտեգրման հետագա խորացման համար:



Հանդիպման վերջին Բ. Ֆեռերո-Վալդները տեղեկացրեց սեպտեմբերի 3-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ԵՀՔ գործընկեր երկրների արտգործնախարարների խորհրդաժողով կազմակերպելու ԵՀ նախաձեռնության մասին, հրավիրելով ՀՀ ԱԳ նախարարին մասնակցելու խորհրդաժողովին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---