Քոնդոլիզա Ռայսը ժամանել է Մոսկվա հարաբերությունները բարելավելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ժամանել է Մոսկվա: Նրա երկօրյա այցելությունը կոչված է բարելավելու երկկողմ հարաբերությունները, որոնք մթագնել են վերջերս Կոսովոյի եւ ԱՄՆ նոր հակահրթիռային համակարգի հարցերով տարակարծությունների պատճառով:



Ենթադրվում է, որ երկօրյա այցելության ժամանակ պետդեպարտամենտի ղեկավարը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, արտգործնախարար Սերգեյ Լավրովին եւ այլ պաշտոնատար անձանց:



Քոնդոլիզա Ռայսը ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, ով այցելում է Մոսկվա Պուտինի փետրվարյան ելույթից հետո Մյունխենում, որում նա, չկաշկանդվելով արտահայտություններում, հարձակվել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա:



Այժմ ռուսական իշխանություններն ասում են, որ պատրաստվում են հանգիստ եւ դրական բանակցությունների ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի հետ: Եթե հանդիպումները նման միջավայրում անցնեն, ապա դրանք, ինչպես նշում է Ռոյթերս գործակալությունը, էապես կտարբերվեն իրենց տոնով այն արտահայտություններից, որոնցով վերջին ամսիներին փոխանակվել են Մոսկվան եւ Վաշինգթոնը: Ընդ որում, սակայն Ռուսաստանն ընդգծում է, որ չի պատրաստվում հետեւել ամերիկացի հյուրի թելադրանքին: «Մենք միշտ հրավիրում ենք մեր ամերիկացի գործընկերներին անկեղծ խոսակցության, կոչ ենք անում իրենց տեսակետն ուրիշներին չստիպել»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը: - Մենք ինստրուկցիաների կարիք չունենք, այլ համատեղ աշխատանքի եւ որոշումների համատեղ որոնման կարիք»:



Ներկայիս երկկողմանի հարաբերություններն անցյալ շաբաթ բավականին անկեղծ բնորոշել է ԱՄՆ պետական քարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: «Մենք Ռուսաստանի հետ վերջին ժամանակներս բավականին լուրջ տարաձայնություններ ենք ունեցել»,- նկատել է նա:



Այդ տարաձայնությունների հիմնական կետերի թվում են Կոսովոյի ապագա կարգավիճակի մասին հարցը, ինչպես նաեւ Ռուսաստանի վրդովմունքը ամրիկյան ուժերի կողմից Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու մասին ծրագրերի հարցով: Ապրիլին Դաշնային ժողովին ուղված իր ելույթում Ռուսաստանի նախագահ Պուտինը սպառնացել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալով. այդ խոսքերը շատերը գնահատել են որպես Մոսկվայի պատասխան Պենտագոնի ծրագրերին:



Ինչ վերաբերում է Կոսովոյի ապագա կարգավիճակին, ապա ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն անցյալ շաբաթ օրը հայտարարել է, որ «ավելի ու ավելի հավանական է դառնում» Մոսկվայի կողմից վետոյի իրավունքի օգտագործումը Ամերիկայի կողմից պաշտպանվող Անվատնգության Խորհրդի բանաձեւի վրա, որով շրջանը փաստացի անկախություն կստանա Սերբիայից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---