Իրանի ԱԳՆ ղեկավարը հրավիրել է Սերժ Սարգսյանին եւ Տիգրան Թորոսյանին Թեհրան

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն նախօրեին ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար, Հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուչեհր Մոթթաքիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Մանուչեհր Մոթթաքին նշել է, թե երկկողմ հարաբերությունների զարգացմանը մեծապես նպաստում է ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը, եւ այդ առումով օրինակելի է համարել էներգետիկայի ոլորտում համագործակցությունը: Նա եւս չափազանց կարեւորել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, նշելով, որ այսօր Իրանը աշխարհի տարբեր երկրների հետ ունի ավելի քան 100 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն եւ ներմուծում է շուրջ 40 մլրդ դոլարի ապրանք. «Արտաքին առեւտրի ոլորտում Հայաստանից Իրան ներմուծման ծավալների մեծացումը մենք համարում ենք Իրանի համար առաջնահերթություն»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը, հավելելով, որ չօգտագործված ներուժ եւ հնարավորություններ շատ կան: Ըստ նրա, Հայաստանը կարող է նաեւ դառնալ դեպի Իրան վերաարտահանող երկիր, նշելով, որ Արաբական Էմիրություններից Իրան միայն 2006թ. արտահանվել է այլ երկրների ավելի քան 11 մլրդ դոլար արժողության ապրանք: Նա կարեւորել է առաջիկայում երկու երկրների միջեւ առեւտրի ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի կնքումը, որը միջկառավարական հանձնաժողովի նիստում եւս քննարկման թեմա է դարձել եւ հանձնարարվել է շատ որոշակի ժամկետում` երկու ամսվա ընթացքում, փաստաթուղթը նախապատրաստել ստորագրման: Մանուչեհր Մոթթաքին խոսել է նաեւ բանկային համակարգում համագործակցության հեռանկարայնության, տրանսպորտի բնագավառում փոխշահավետ ծրագրերի իրականացման մասին, վերջինիս հետ կապված ընդգծելով, որ Իրանը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքում Հայաստանին մեծ դերակատարում է վերապահում:



Մ.Մոթթաքին ՀՀ վարչապետին է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Փարվիզ Դաուդիի ողջույնները եւ Իրանի Իսլամական Հանրապետություն վարչապետի այցի հրավերի վերահաստատումը: Արտգործնախարարը հույս է հայտնել, որ վարչապետը կընդունի հրավերը, ու մինչեւ տարեվերջ իր երկրում կհյուրընկալեն ՀՀ ԱԺ նախագահին եւ ՀՀ վարչապետին: Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ ընդունել է հրավերը` հայ-իրանական կապերի հետագա առավել ամրապնդման տեսանկյունից կարեւորելով երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---