Վարդան Օսկանյանը քննարկել է հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորների հետ

PanARMENIAN.Net - Ավարտելով աշխատանքային այցը Վրաստան եւ վերադառնալով Բաթումից` հուլիսի 28-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն այցելել է Ախալցխա եւ հանդիպումներ ունեցել Սամցխե-Ջավախեթի մարզի ղեկավարության, հայ համայնքի ներկայացուցիչների ու երիտասարդական թեւի ակտիվի հետ: ՀՀ ԱԳ նախարարի հաջորդ կանգառը Ախալքալաքում էր, ուր Վարդան Օսկանյանն այցելեց Սուրբ խաչ եկեղեցի, հանդիպեց Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանից ընտրված ազգությամբ հայ պատգամավորների եւ համայքնի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նախարարը քննարկել է հայ-վրացական հարաբերություններն ու առաջիկա երկկողմ ծրագրերը, պատասխանել բազմաթիվ հարցերի: Օրվա երկրորդ կեսին նախարար Օսկանյանը հանդիպեց Լոռու մարզ այցելած Վրաստանում հավատարմագրված տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:



Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի նախաձեռնած` Վրաստանում հավատարմագրված դիվանագետների այցի նպատակն էր Լոռու մարզի մշակութային ժառանգությանը, նաեւ արտադրական ձեռնարկություններին ծանոթանալը: Այցելության ընթացքում դիվանագետները Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց եւ Գուգարաց թեմերի առաջնորդների ուղեկցությամբ այցելեցին Հաղպատի վանք եւ Սանահին եկեղեցի, եղան Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում, Սանահին գյուղում այցելեցին Անաստաս եւ Արտեմ Միկոյանների տուն-թանգարան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---