Միջադեպերի քանակը ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում կրճատվել է գրեթե 40 տոկոսով

PanARMENIAN.Net - «Այս զորավարժությունները պլանային են եւ ուղղված են ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակության մակարդակի բարձրացմանը, հակառակորդին արժանի հակահարված տալու պատրաստվածության ապահովմանը նրա կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, որը հետեւում էր Լեռնային Ղարաբաղում կայացած պլանային զորավարժություններին ԼՂՀ ռազմական ղեկավարության հրավերով:



Պատասխանելով լրագրողի հարցին` Հայաստանի ՊՆ ղեկավարը սուտ է անվանել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունները, թե իբր ԼՂՀ Պաշտպանության բանակում ծառայում են իրանահայեր: Նա հերքել է նաեւ տեղեկատվությունն այն մասին, որ կողմերի զինված ուժերի շփման գծում հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը` նշելով, որ նման ապատեղեկատվությունն ուղղված է իրավիճակի արհեստական սրմանը: Ընդ որում նախարարը նշել է, որ իր տվյալներով միջադեպերի քանակը շփման գծում կրճատվել է գրեթե 40 տոկոսով: «Ամեն ինչ ընթանում սովորական ռեժիմով, իրավիճակի սրում չկա»,-ասել է նախարարը:



Նշենք, որ ԼՂՀ-ում անցնում են պլանային բանակային զորավարժություններ տեխնիկայի բոլոր տեսակների` հրաձգային, զրահատեխնիկայի, ավիացիայի, ՀՀՊ ուժերի կիրառմամբ: Այս զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ ներգրավված են զորամիավորումներն իրենց ողջ անձնակազմով: Զորավարժություններն անցնում են չորս փուլով` պաշտպանական մարտի նախապատրաստում զորամիավորման ողջ կազմի մասնակցությամբ, պաշտպանական մարտի վարում, հարձակման նախապատրաստում, հարձակում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---