Սլովակիայում Հայոց ցեղասպանության ժխտումը կպատժվի հինգ տարվա ազատազրկմամբ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրենքը կընդունվի Սլովակիայի խորհրդարանում մինչեւ 2008 թվականի ավարտը եւ ուժի մեջ կմտնի 2009 թվականի հունվար-փետրվարին, ասել է արդարադատության նախարար, փոխվարչապետ Ստեֆան Խարապինը: «Սլովակիայում, որի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2004 թվականին, գործում էր քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը հրեաների Հոլոքոսթի ժխտման համար: Ուղղումներով մենք ընդլայնում ենք օրենքի շրջանակները եւ տարածում ենք այն բոլոր ցեղասպանությունների եւ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության վրա»,-ասել է Խարապինը Մոսկվայում:



Ինչպես տեղեկացրել է Ս.Խարապինը, ըստ օրինագծի, Սլովակիայի ցանկացած քաղաքացի կամ օտարերկրացի, որ թույլ կտա իրեն ժխտել Հայոց ցեղասպանությունը Սլովակիայի տարածքում կամ դրանից դուրս, կարող է դատապարտվել հինգ տարվա ազատազրկման:



Ըստ Խարապինի, օրինագծի նախաբանում, որն այժմ քննարկման է ներկայացված երկրի կառավարությանը, հատկապես ընդգծվում է Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանությունը կարեւորագույն տեղ է զբաղեցնում մյուս ցեղասպանությունների ֆոնի վրա»,-հայտարարել է Սլովակիայի արդարադատության նախարարը:



Խարապինը նշել է, որ մինչ օրս ոչ մի դիտողություն օրենքի տեքստի վերաբերյալ չի ստացվել: Նա հայտարարել է, որ տվյալ օրինագիծը կարեւորագույններից մեկն է ցանկացած ժողովրդավարական երկրի համար, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---