Թուրքիայում արդեն խոսում են Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորության մասին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել հումանիտար օգնության համար, եւ դա կախված է «հայկական կողմի քայլերից եւ հարաբերությունների զարգացումից»: Այդ մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրների վրա:



Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ. ի վեր Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջ քաշում` որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, ճանաչի Թուրքիայի սահմանները ըստ 1921թ. Մոսկվայի պայմանագրով: Թուրքիան կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, մասնավորապես, պահանջելով, որ հանձնվեն ԼՂՀ անվտանգության գոտին կազմող 7 շրջանները: Երեւանն, իր հերթին, հայտարարում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանում վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահը նշեց, որ երկխոսության դեպքում հնարավոր կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ ամենալուրջ խնդիրները: «Մենք պետք է ձգտենք լուծել առկա խնդիրները եւ չթողնենք դրանք հետագա սերունդներին»,-հավելել է Ս.Սարգսյանը: Նախագահները հայտարարել են, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկխոսությունը հետագայում եւս շարունակելու համար եւ ուղեցույց կհանդիսանա արտգործնախարարների հետագա գործունեության համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---