Հայաստանը մտադիր է զարգացնել խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործումը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին (Գերմանիա): Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործմանն ուղղված պարոն Բիրկհոֆերի ջանքերը եւ շեշտել, որ տասներկու տարի անընդմեջ նա չափազանց կարեւոր աշխատանք է կատարում: Նշելով, որ էներգետիկ անվտանգության խնդիրներն ընդհանրապես, եւ միջուկային անվտանգությանը` մասնավորապես, հատուկ նշանակություն ունեն, երկրի ղեկավարն ասել է, որ դրանք մշտապես իր եւ կառավարության ուշադրության կենտրոնում են: Նա ընդգծել է ատոմային էներգիայի օգտագործումը խաղաղ նպատակներով զարգացնելու, եղած ջերմային հզորություններն արդիականացնելու, նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու Հայաստանի մտադրությունը, եւ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքը:



Խոսելով Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մասին` Ադոլֆ Բիրկհոֆերն ասել է. «Դուք կարող եք հպարտանալ ատոմակայանի անվտանգ շահագործման ուղղությամբ վերջին տարիներին կատարած աշխատանքով: Ձեր կառավարության ջանքերի, մասնագետների հմտությունների եւ գիտելիքների շնորհիվ իրականացվել է այնպիսի կառավարում, որի արդյունքում ներկայումս Հայկական ԱԷԿ-ը լիովին թարմացվել է, ունի անվտանգության բարձր մակարդակ եւ այլ երկրների նմանատիպ կայանների համեմատ լավագույնս է պահպանվել»:



Կողմերը քննարկել են նաեւ ԱԷԿ-ի հետագա շահագործմանը, նոր էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---