Միտատ Չելիկպալա. Թուրքիային եւ Հայաստանին բռնի ամուսնության են հրահրում

PanARMENIAN.Net - Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, կարելի է մեկնաբանել որպես բռնի ամուսնություն: Ոչ Թուրքիան, ոչ էլ Հայաստանը այդ հարաբերությունների բարելավման չեն տենչում, բայց կան մի շարք պատճառներ, հանուն որոնց Անկարան պետք է գնա այդ մերձեցմանը: Այդ մասին հայտնել է թուրք քաղաքագետ Միտատ Չելիկպալան: «Այդ ամենը հիշեցնում է մի տեսարան, երբ մարդուն ուտելիք են բերում, որը նրան դուր չի գալիս, բայց նա պետք է ուտի դա կամ հանուն հարգանքի, կամ էլ հանուն այն բանի, որպեսզի ոչ մեկին չվիրավորի: Ներկայումս Թուրքիան մոտավորապես այդ իրադրության մեջ է գտնվում»,- ասել է նա:



Քաղաքագետը գտնում է, որ այդ հարցում մեծ դեր է խաղում Թուրքիայի ներկայիս իշխանությունների Եվրամիություն մտնելու ցանկությունը: «Թուրքիայի հանդեպ ԵՄ պահանջներից մեկը հենց Հայաստանի հետ սահմանների բացումն է: Երկրորդը` Օբամայի ԱՄՆ իշխանության գալը. նա տրամադրված է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երրորդը ռուսական գործոնն է: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի դաշնակիցը, եւ Մոսկվան խիստ շահագրգռված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացման հարցում: Որովհետեւ վրացական իրադարձություններից հետո Հայաստանն ամբողջությամբ մեկուսացվել է, եւ Մոսկվան գտնում է, որ սահմանների բացումը կօգնի ձերբազատել Հայաստանը տնտեսական մեկուսացումից եւ Վրաստանից նրա ունեցած կախվածությունից: Այդ իսկ պատճառով այդ հարցը դարձավ մեկը այն հիմնականներից, որոնք առկա են Մոսկվայի եւ Անկարայի միջեւ երկխոսության մեջ: Բոլոր այդ գործոնների ամբողջությունն էլ ստիպում է Թուրքիային Հայաստանի հետ մերձեցման գնալ»,- նշել է Չելիկպալան:



Բայց նա գտնում է, որ դեռեւս չարժե ակնկալել Հայաստանի հետ սահմանների բացում: Նրա խոսքերով, մինչեւ որ Անկարան Եվրամիությունից այդ կազմակերպություն մտնելու վերաբերյալ հստակ երաշխիքներ չստանա, նա սահմանի բացման չի գնա: «Բայց եթե ծանոթանանք ԵՄ բյուջեին, ապա Թուրքիայի անդամության հետ կապված ծախսերն այնտեղ չեն հիշատակվում մինչեւ 2015թ.: Ուստի, ես չեմ հավատում սահմանների մոտալուտ բացմանը: Բայց եւ այնպես քաղաքականությունն անկանխատեսելի երեւույթ է. ամեն ինչ կարող է պատահել: Դժվար է ինչ-որ բան կանխագուշակել, քանի դեռ Օբաման չի անցել իր պաշտոնին: Ես կարծում եմ, որ ամեն ինչ կպարզվի գալիք տարվա մարտին կամ ապրիլին»,- ընդգծել է թուրք քաղաքագետը, գրում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---