Անդրեյ Արեշեւ. Երեւանը պետք է առավել ակտիվ ու հարձակողական քաղաքականություն վարի ղարաբաղյան հարցում

Անդրեյ Արեշեւ. Երեւանը պետք է առավել ակտիվ ու հարձակողական քաղաքականություն վարի ղարաբաղյան հարցում PanARMENIAN.Net - Խորհրդային Միության փլուզման թեման դեռեւս երկար ժամանակ ակտուալ կմնա օրակարգում: Օգոստոսյան իրադարձությունները Հարավային Օսեթիայի շուրջ եւ դրան հաջորդած երկու վրացական ինքնավարությունների անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից ցույց տվեցին նման խնդիրների ողջ սրությունն ու բարդությունը, դրանց հանգուցալուծման ուժային ճանապարհի բացարձակ անհեռանկար լինելը, առաջին հերթին` հարձակվող կողմի համար: Այդ մասին գրում է ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի աշխատակից Անդրեյ Արեշեւը «Ղարաբաղյան հակամարտություն` վերադարձ ճշմարտությանը» հոդվածում, որ ստացել է PanARMENIAN.Net ը:



Նրա խոսքերով, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը` ՄՄՀ-ն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ԼՂՀ-ն, ի տարբերություն Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի, քաղաքական-դիվանագիտական ճանաչում չստացան: Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվում է ոչ այնքան հասկանալի դիվանագիտական քաշքշուկը: Տուրիստական ուղեւորություններ հիշեցնող այցերը մեկը մյուսին են հաջորդում, միջնորդները բազմաբովանդակ ու հակասական հայտարարություններ են անում, քաղաքական գործիչները երդվում են միմյանց եւ մադրիդյան սկզբունքների հանդեպ հավատարմության մեջ, ինչն ավելի շատ Մադրիդյան արքունիքի գաղտնիքներն է հիշեցնում, իսկ բանակցությունները մեկնաբանող քաղաքագետներն ու լրագրողները խորիմաստ դատողություններ են անում այն մասին, թե այնուամենայնիվ ով կհանձնի Ղարաբաղն Ադրբեջանին` Ռուսաստանը Շահ-Դենիզ հանքավայրի գազի դիմաց, թե ԱՄՆ-ն` ՆԱՏՕ-ին ու «աֆղանական տարանցմանը» պաշտոնական Բաքվի միանալու դիմաց: Ընդ որում բոլորովին աչքաթող է արվում մեկ այլ բան` դեռեւս ոչ մի պետություն, որ հռչակել է իր անկախությունն ու Լեռնային Ղարաբաղի պես շատ թանկ վճարել դրա համար, կամավոր չի հրաժարվել դրանից»,-գտնում է ռուս փորձագետը:



Ա.Արեշեւն ընդգծել է, որ ներկայումս ԼՂՀ-ն «դուրս է մղված» բանակցային գործընթացից: «Տարածաշրջանի սպառազինումն ընթանում է ողջ թափով (իսկ թե ինչի է դա հանգեցնում, տեսանք 2008թ. օգոստոսին), ՄԱԿ-ը եւ մյուս միջազգային կառույցները ճգնաժամային իրավիճակներում ամեն անգամ ցուցադրում են իրենց անկարողությունը` մի շարք պետությունների ռազմաշունչ հռետորության ֆոնի վրա, ինչին չի կարող խանգարել խաղաղ հռչակագրերի ստորագրումը: Միջնորդները լիովին անտեսում են հակամարտության քաղաքակրթական ֆոնը, նրա ռազմական, աշխարհաքաղաքական, նույնիսկ տերմինաբանական, վերջապես, հոգեբանական ու աշխարհագրական ասպեկտները` ինչպես դա արդեն եղել է ոչ վաղ անցյալում: Իբր խաղաղարար «դեպի ապագան կողմնորոշվելու եւ անցյալին չնայելու» կոչերից բացահայտ դեմագոգիայի հոտ է գալիս, իսկ ԵԱՀԿ ՄԽ միջնորդների ցուցադրական միասնության աստիճանը ակնհայտորեն կարող է չափազանցված լինել:



Պաշտոնական Երեւանը պետք է առավել ակտիվ ու հարձակողական քաղաքականություն վարի ղարաբաղյան հարցում, հաշվի առնելով ԼՂՀ-ի դերը ՀՀ ազգային անվտանգության ապահովման գործում եւ Ռուսաստանի հնարավոր նոր շեշտադրումները Հարավային Կովկասում վարած քաղաքականության մեջ: Հազիվ թե նոր «հետօգոստոսյան» իրողությունների համատեքստում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտեսումն արդյունավետ մոտեցում լինի...»,-ընդգծել է Արեշեւը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---