Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չկա ոչ մի գերի կամ պատանդ

PanARMENIAN.Net - Օրերս ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը հրապարակեց 2008 թ. իր գործունեության մասին հաշվետվությունը, որում մասնավորապես նշվում է, թե, իբր, Լեռնային Ղարաբաղի տարածքում գերության մեջ են գտնվում 39 ադրբեջանցիներ: Ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը այդ հաղորդագրությունը որակում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների վարկաբեկմանն ուղղված հերթական ապատեղեկատվություն եւ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ: ԼՂՀ պետական հանձնաժողովն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ գտնվող տարածքում ոչ մի գերի կամ պատանդ չկա:



Ինչպես ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ, ԼՂՀ իշխանությունները, խստորեն հավատարիմ մնալով Ժնեւյան կոնվենցիաների սկզբունքներին, Ադրբեջանի հետ հակամարտության ռազմական փուլի ավարտից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ միջնորդությամբ ադրբեջանական կողմին են հանձնել բոլոր գերիներին: Ներկայումս ԼՂՀ համապատասխան մարմինները Ստեփանակերտում հավատարմագրված` ԿԽՄԿ-ի եւ ԵԱՀԿ-ի գրասենյակներին ժամանակին տեղեկացնում են ադրբեջանական զինվորների եւ քաղաքացիական անձանց` ղարաբաղյան տարածքն անցնելու ցանկացած փաստի մասին, եւ որոնց այնուհետեւ առանց նախապայմանների հանձնում են Ադրբեջանի իշխանություններին: Նշված միջազգային կառույցների ներկայացուցիչներին ազատ մուտք է տրամադրվում ազատազրկման բոլոր վայրեր, ինչը բացառում է ԼՂՀ տարածքում ադրբեջանական գերիների գտնվելու փաստը թաքցնելու հնարավորությունը:



ԼՂՀ պետական հանձնաժողովը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հանրապետության իշխանությունների կողմից Ադրբեջանի համանուն կառույցի հետ ուղղակի շփումներ հաստատելու բազմաթիվ առաջարկները, ինչը նպատակ ունի արդյունավետ կերպով լուծել ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հիմնախնդիրը, համարժեք պատասխան չեն ստացել պաշտոնական Բաքվի կողմից: Դեռ ավելին, Ադրբեջանի իշխանությունները կասկածելի քարոզչական դիվիդենդներ ստանալու նպատակով շարունակում են քաղաքականացնել մարդասիրական եւ զգայուն այնպիսի հիմնախնդիր, ինչպիսին անհայտ կորածների որոնումն ու ռազմագերիների ազատումն է, ինչի մասին ակներեւաբար վկայում է նաեւ կանխահայտորեն կեղծ տեղեկատվության տարածման վերջին փաստը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---