ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայիս այցից բեկումի սպասել չարժե

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայիս այցից բեկումի սպասել չարժե: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Նրա խոսքով, դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ միջնորդների կողմից տարածաշրջան այցելելու օրերին Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրում` ԱՄՆ-ում տեղի կունենա վարչակազմի փոփոխում: «Տարածաշրջանում աշխատանքը կբարդանա նրանով, որ մերձմոսկովյան «Մայնդորֆում» Հռչակագրի ընդունումից հետո միջազգային միջնորդների կողմից ստացված եւ ընդհանուր առմամբ դրական իմպուլսը վերջին մեկուկես ամիսների ընթացքում որոշակիորեն խեղաթյուրվել է հնարավոր ուժային ռեւանշի մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությամբ»,- ասել է Մայիլյանը:



Նա գտնում է, որ կարգավորման սկզբունքներով կողմերի դիրքերը մոտեցնելու համանախագահների ջանքերի համար լուրջ խոչընդոտ է դառնալու ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի` (ԱԳՆԽ) վերջերս Հելսինկիում կայացած նիստին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակության տարածած փաստաթուղթը: «Բացի այդ, միջազգային միջնորդները ստիպված են լինելու հաշվի առնել ԼՂՀ Խորհրդարանի կուսակցությունների համատեղ հայտարարությունը, որն ընդունվել էր 2008թ. դեկտեմբերի վերջին, իմ տեսակետից, ի պատասխան իրականությունից հեռու ադրբեջանական փաստաթղթին»,- ընդգծել է փորձագետը:



Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի պատգամավորական «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ- Շարժում-88» կուսակցությունները 2008թ. դեկտեմբերի 30-ին ԼՂՀ խորհրդարանի յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստին հանդես եկան ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հետ կապված համատեղ ելույթով:



«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն իր առջեւ խնդիր է դնում Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հակամարտության համապարփակ լուծման հասնել այն սկզբունքների հիման վրա, որոնք հետագայում կբացառեն ձեռք բերված համաձայնությունը ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի հետ փոխելու հնարավորությունը, պատրաստ է ցուցաբերել իր օրինական եւ լիակատար մասնակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---