ԵԱՀԿ ՄԽ-ն խոստովանել է, որ Ղարաբաղի համաձայնությունն ու մասնակցությունը պարտադիր են հակամարտության լուծման համար

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին հանդիպում է ունեցել նույն օրը Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ նրանց ուղեկցող անձանց հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:



Բակո Սահակյանն ընդգծել է, որ առանց բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ բանակցային գործընթացի բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:

Համանախագահները նույնպես համոզմունք են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի համաձայնությունն ու մասնակցությունը պարտադիր են հարցի վերջնական լուծման համար:



Երկրի ղեկավարը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական ու ռազմատենչ քարոզչությանը` այն համարելով խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---