ՀՀ ԱԺ խոսնակը քննադատել է Բաքվի հակահայկական քարոզչության հերթական փորձը

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) 32-րդ լիագումար նիստի բացմանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) անունից ելույթով հանդես եկավ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան: Այդ ելույթի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հետեւյալ նամակն է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշին.

«Ս.թ. մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ ՄԽՎ-ի 32-րդ լիագումար նիստը, որի բացման արարողության ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անունից անհասկանալի ելույթ է ունեցել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան` ողջույնի փոխարեն փորձելով իր ելույթում ներկայացնել խեղաթյուրված փաստեր ԼՂ հակամարտության վերաբերյալ»,- նշվում է ՀՀ ԱԺ խոսնակի նամակում:



Աբրահամյանը նշում է, թե անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկը ներկայացնող պետության պատգամավորը այդ բարձր ամբիոնից ներկայացնելով Ձեր ողջույնի խոսքը, այն օգտագործում է Հայաստանի դեմ կեղծիքներ տարածելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող արտահայտություններ հնչեցնելու համար:



«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը մշտապես աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ եւ բանակցային գործընթացի միջոցով կարգավորմանը եւ դրա վառ օրինակն է այս խնդրի շուրջ ԵԱՀԿ պատվավոր նախագահ, ԵԱՀԿ ԽՎ նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ պարոն Գյորան Լենմարկերի հավասարակշիռ գործունեությունը: Անթույլատրելի եմ համարում ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցչի նման քայլը եւ հուսով եմ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը չի շեղվի իր որդեգրած ուղուց»,- ասվում է նամակում, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---