Թբիլիսին ամեն ինչ անում է, որպեսզի Եվրոպայում չիմանան Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդրի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանն երկու դիրքորոշում ունի «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի գործի վերաբերյալ` հայ ժողովրդի դիրքորոշումը, որը ցանկանում է անհապաղ ազատ արձակել ակտիվիստին եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, որը մի շարք պատճառներով չի կարող պահանջել վրացական իշխանություններից ազատ արձակել Չախալյանին: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ֆրանսիացի փաստաբան, Փարիզի փաստաբանների կոլեգիայի անդամ Պատրիկ Արապյանը: «Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը կարելի է հասկանալ: Վրաստանն այսօր լուրջ դերակատարություն ունի հաղորդակցությունների տեսակետից եւ Հայաստանի համար տարանցիկ երկիր է: Չախալյանը հայ է, սակայն նաեւ Վրաստանի քաղաքացի է, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ եւ նրա խնդիրը տարածաշրջանի բոլոր հայերի խնդիրն է»,-ասել է ֆրանսիացի փաստաբանը:



Անդրադառնալով փաստաբանի որակում իր գրանցման ձգձգման գործընթացին` Պ.Արապյանն ընդգծել է, որ այստեղ խնդիրը հետեւյալն է.«Անկախ նրանից, որ ես հայ եմ, ես նաեւ եվրոպացի եմ, Ֆրանսիայի քաղաքացի: Այսօր Վրաստանի ղեկավարությունն եվրոպական երկրների աջակցության կարիքն ունի եւ անում է ամեն ինչ, որպեսզի այդ երկրներում չիմանան Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդրի մասին»,-ասել է փաստաբանը: Նրա խոսքերով, այսօր ողջ աշխարհի հայությունը միավորվել է Չախալյանին ազատելու համար պայքարում, որին կեղծ մեղադրանքներ են ներկայացվել: «Եթե նախկինում հայկական սփյուռքն իրազեկված չէր ջավախահայության խնդիրների մասին, ապա այսօր, պաշտպանելով Չախալյանի իրավունքները, բոլորը գիտեն տարածաշրջանի հայության իրական վիճակի մասին: Սա շատ կարեւոր է»,-ասել է Արապյանը: Նա հավելել է, որ կշարունակի պայքարը Վ.Չախալյանին պաշտպանելու իրավունք ստանալու համար եւ կգնա մինչեւ վերջ:



Մայիսի 29-ին Թբիլիսիի վարչական գործերի դատարանում տեղի է ունեցավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից Պատրիկ Արապյանին որպես Վ.Չախալյանի փաստաբան գրանցելու մերժման հարցով երկրորդ դատավարությունը: Լսումների ժամանակ Վրաստանի արդարադատության նախարարությունը փաստաթղթեր ներկայացրեց, որից հետո դատավորը, ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու պատճառաբանությամբ, տեղափոխեց դատական լսումները մինչեւ հունիսի 15-ը: Փետրվարի 16-ին Վրաստանի արդարադատության նախարարությունն առանց որեւէ հիմնավորման հրաժարվել է գրանցել Արապյանին որպես Չախալյանների ընտանիքի պաշտպանի: Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին նախարար Ադեիշվիլուն հասցեագրված նամակում առաջարկել է վերականգնել Չախալյանների խախտված իրավունքները եւ թույլ տալ ֆրանսիացի փաստաբանին պաշտպանել նրան, սակայն վրացական իշխանությունները անտեսեցին այդ խորհուրդը:



Ի պաշտպանություն Վ.Չախալյանի ապրիլի 14-ին ու 28-ին Փարիզում տեղի ունեցած ցույցերից հետո, ցուցարարներին ընդունած Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան խոստացել էր, որ վրացական իշխանությունները դրական լուծում կտան Պատրիկ Արապյանի գրանցմանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---