ՌԴ ԱԳՆ. Պայմանագրի նախապատրաստման ժամանակ չի կարող հաշվի չառնվել Ղարաբաղի բնակչության դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման հարցում Մոսկվան ոչ մի նպատակ չի հետապնդում ղարաբաղյան կարգավորման հարցում, երկու ժողովրդների շահերից բխող պայմանավորվածության ձեռք բերումից բացի: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:



«Երբ մենք ասում ենք, որ ներկա փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են օգնել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին համաձայնեցնել այն սկզբունքները, որոնց վրա հետագայում հիմնված կլինի կարգավորումը, դա նշանակում է, որ այդ սկզբունքները հիմք կհանդիսանան իրավաբանորեն պարտավորեցնող խաղաղ պայմանագրի կնքման համար»,-ասել է Լավրովը:



Ըստ նրա, ՌԴ-ն ելնում է նրանից, որ նման պայմանագրի նախապատրաստման ժամանակ չի կարող հաշվի չառնվել Ղարաբաղի բնակչության դիրքորոշումը: «Թե ինչ ձեւով դա կարվի, դրա շուրջ հարկ է պայմանավորվել, սակայն ինձ համար դա ակնհայտ է»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:



Այն հարցին, թե կարող են արդյոք Ռուսաստանի շահերը Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցության ոլորտում առավել թանկ լինել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքից` Ս.Լավրովն ասել է. «Պատասխանը պարզ է` չեն կարող»:



1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը:



65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:



ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային կոնֆերանս հրավիրելու մասին որոշումն ընդունվել է 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ պետությունների Նախարարների խորհրդի արտակարգ նիստում: Մինսկի կոնֆերանսի նախապատրաստմանը մասնակցող երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Մինսկի շփման խումբը` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման նպատակով: Կոնֆերանսի ժամանակ հիմնվեց Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, նրա դիտորդները հետեւում են զինադադարի պահպանմանը: 1993թ. Մինսկի խումբն առաջարկեց հակամարտության կարգավորման իր պլանը («Հստակեցված ժամանակացույց»), սակայն ո'չ Հայաստանը, ո'չ Ադրբեջանը չընդունեցին այն: 1994թ. երկու կողմերը, ՌԴ միջնորդությամբ, պայմանավորվեցին պահպանել ոչ պաշտոնական համաձայնությունը հրադադարի մասին, որը գործում է մինչ օրս:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն:



Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի մշակմամբ զբաղվել է ԵԱՀԿ պլանավորման բարձր մակարդակի խումբը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---