ՌԴ նախագահը հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարներին մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներին

PanARMENIAN.Net -
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարներին մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված զորահանդեսին, որը տեղի է ունենալու մայիսի 9-ին, Մոսկվայում: Հանդիսավոր միջոցառումների շրջանակում ծրագրված է նաեւ համագործակցության երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, գրում է Lenta.ru լրատվական գործակալությունը:



ԱՊՀ գործադիր տնօրեն Սերգեյ Լեբեդեւը հաղորդել է, որ մայիսյան ոչ պաշտոնական համաժողովը համարում է 2010 թ. «նշանակալի իրադարձություն»` համագործակցության միջոցառումների շարքում:



Մոտակա ժամանակներում կազմակերպվող խոշորագույն միջոցառումներից է լինելու ԱՊՀ երկրների տնտեսական համաժողովը, որը կբացվի մարտի 5-ին, Մոսկվայում: Մարտին տեղի ունենալիք հանդիպման հիմնական թեման լինելու է գիտատեխնիկական համագործակցությունը: 2010 թ. ԱՊՀ-ում հայտարարված է գիտության տարի: Մարտի 26-ին Պետերբուրգում տեղի կունենա համագործակցության երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի խորհրդակցություն:



ԱՊՀ-ն` Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է:

ԱՊՀ-ն հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն եւ Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991թ. դեկտեմբերի 8-ին Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում:





ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան:



Հայաստանը ԱՊՀ անդամ դարձավ 1992թ. փետրվարի 18-ին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---