ԱՄՆ Կոնգրեսում կրճատվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հակառակորդների քանակը

PanARMENIAN.Net -
ԱՄՆ Կոնգրեսում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք, ամենայն հավանականությամբ, կանդրադառնան Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն արգելակելու Անկարայի ջանքերի վրա: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի Աջակցության խմբի նախագահ, Հայոց ցեղասպանության ժխտման ակտիվ կողմնակից Ռոբերտ Վեքսլերը հրաժարական է տվել, կոնգրեսական Ջոն Մուրտան, որը 2007 թվականին քննադատեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, վերջին օրերս առողջական խնդիրներ ունի, եւ Կոնգրեսում նրա ներկայությունը հարցականի տակ է: Բացի դրանից, կոնգրեսական Դեն Բարտոնը` Հայոց ցեղասպանությունը հերքող եւս մեկ օրենսդիր, կարող է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում իր տեղը զիջել Ջոն Մակգոֆֆին:



Ջեյն Հերմանը, որը 2007 թվականին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ակտիվ կողմնակիցներից էր, բայց հետո փորձում էր խոչընդոտել այդ օրինագծի ընդունումը, կարող է իր տեղը զիջել Մարսի Վինոգրադին: Հրաժարական են տվել նաեւ կոնգրեսականներ Ջոն Թաններն ու Մարիոն Բերրին:



Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:

2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---