Ստամբուլում 52 երկրների պաշտպանության նախարարները քննարկում են ռազմավարությունը Աֆղանստանի հարցում

PanARMENIAN.Net -
Ստամբուլում ընթանում է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ քննարկվում է Աֆղանստանի գծով ռազմավարությունը: Գագաթնաժողովի աշխատանքին մասնակցում է նաեւ ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը:



Խորհրդակցությանը մասնակցում է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ինչպես նաեւ 52 երկրների պաշտպանության նախարարները:



Գլխավոր թեմաների թվում կքննարկվի իրավիճակն Աֆղանստանում եւ այնտեղ միջազգային ուժերի համալրմանն առնչվող հարցեր: Նախարարները քննարկում են նաեւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի 10-հազարանոց զորախմբի կրճատման հնարավորությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) կազմավորվել է 1949թ.: ՆԱՏՕ-ի նպատակը, դաշինքի պաշտոնական փաստաթղթերի համաձայն, կայանում է իր անդամ պետությունների հավաքական պաշտպանության մեջ, սակայն 90-ականներին Եվրոպայում կատարված փոփոխություններից հետո ՆԱՏՕ-ի բլոկն իրեն հիմնարար ուժ հռչակեց ողջ Եվրոպայում անվտանգության ընդլայնման գործընթացում եւ կայունության երաշխավոր:



Նախապես այդ բլոկի մեջ մտնում էին Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Իտալիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որը 1961-2009թթ. շրջանում դուրս էր եկել բլոկի ռազմական կազմակերպությունից:



1952թ. ՆԱՏՕ-ի շարքերը համալրեցին Թուրքիան եւ Հունաստանը, 1955-ին` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, 1982-ին` Իսպանիան, 1999-ին` Հունգարիան, Չեխիան, Լեհաստանը, 2004-ին` Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան, Ռումինիան, Սլովենիան եւ Բուլղարիան, 2009-ին` Ալբանիան ու Խորվաթիան:



Այդ բլոկի գլխավոր հարվածային ուժերը եղել են (եւ մինչ օրս մնում են) ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի բանակները: Բլոկը ձեւավորվեց «խորհրդային ռազմական սպառնալիքին» հակազդելու համար, ԽՍՀՄ ազդեցության ոլորտների ընդլայնումը թույլ չտալու համար: ՆԱՏՊ զինված ուժերի ընդհանուր թիվը 2008թ. վերջի դրությամբ կազմում էր մոտ 3,6 մլն մարդ: Պաշտպանության վրա ընդհանուր ծախսերը հասնում էին 895 մլրդ դոլարի, այդ թվում` 300 մլրդ Եվրոպայի երկրների համար եւ 575 միլիարդ ԱՄՆ համար: ՆՀԱ նկատմամբ տոկոսներով ՆԱՏՕ-ի ծախսերը կազմում էին 2,6%, ընդ որում` ԱՄՆ-ի դեպքում այդ ցուցանիշը 4% էր, Եվրոպայի երկրների մոտ` 1,7%: 1994 թվականից ՆԱՏՕ-ն իրականացնում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը` համագործակցություն 23 եվրոպական երկրների ու Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների հետ, որոնք կազմակերպության անդամ չեն:



2001-ին Աֆղանստանի տարածքում տեղակայվեցին Անվտանգության ապահովման միջազգային ուժերը (ISAF): 2008թ. աշնանը ISAF քանակությունը կազմեց մոտ 50 հազ. մարդ; առաքելությանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի 26 եւ 15 այլ երկրներ:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---