Սերժ Սարգսյան. «Հայաստանը մշտապես ուշադիր է եղել բարեկամ արաբական երկրների եւ մասնավորապես` Սիրիայի դիրքորոշումների նկատմամբ»

Սերժ Սարգսյան. «Հայաստանը մշտապես ուշադիր է եղել բարեկամ արաբական երկրների եւ մասնավորապես` Սիրիայի դիրքորոշումների նկատմամբ» PanARMENIAN.Net - «Հայաստանը մշտապես ուշադիր է եղել բարեկամ արաբական երկրների եւ մասնավորապես` Սիրիայի դիրքորոշումների նկատմամբ: Հայաստանը կողմ է բոլոր հակասությունները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն եւ մշտապես դատապարտել է բռնի գործողությունները, մարդու իրավունքների խախտումները, քաղաքացիական բնակչությանը կոլեկտիվ պատժի ենթարկելու փորձերը, ահաբեկչությունը: Մենք պաշտպանում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` անկախ պետություն ստեղծելու միջոցով, ինչը երաշխավորված է ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով Մերձավոր Արեւելքի իրավիճակի մասին «Ալ Վաթան» թերթի տված հարցին:



«Լիահույս ենք, որ Մերձավոր Արեւելքի բարդ խճանկարում ներգրավված բոլոր կողմերը` թե՛ պաղեստինա-֊իսրայելական, թե՛ սիրիա֊-իսրայելական ուղղություններով կգտնեն համապատասխան ներուժ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելու եւ հարթելու տարաձայնությունները: Մարդկային հազարավոր կյանքեր եւ քանի սերունդների խաղաղ ապրելու իրավունքը խլած այս հակամարտությունը պետք է կարգավորվի:



Մենք այդ հարցում ավելի քան շահագրգիռ ենք: Նախեւառաջ, այս տարածաշրջանում բնակվում են մեր բազմաթիվ քույրերն ու եղբայրները: Բոլոր երկրներում առկա են ստվար հայկական գաղթօջախներ, կրթական, մշակութային եւ հոգեւոր հաստատություններ: Դրանց թվում կարեւոր տեղ է զբաղեցնում Երուսաղեմում գտնվող Հայոց պատրիարքարանը, որն առանձնահատուկ նշանակություն ունի հայերիս` քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած ժողովրդի համար: Մեր անմիջական շահերից է բխում, որ վերականգնվի այդ սրբազան վայրին վայել խաղաղությունն ու վեհությունը»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---