Մայիսի 12-ին լրանում է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի 16 տարին

Մայիսի 12-ին լրանում է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի 16 տարին

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին լրանում է ղարաբաղյան հակամարտության ՌԴ միջնորդությամբ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 16 տարին:

1994թ. մայիսի 5-ին ավարտվեց ՌԴ նախաձեռնությամբ Բիշքեկում կայացած Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպումը, որտեղ ստորագրվեց Բիշքեկի արձանագրությունը` մայիսի լույս 9-ի գիշերը կրակը դադարեցնելու կոչով:

Ինչպես գրում է 1992-1996թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնությունը նմանը չունի համաշխարհային պրակտիկայում: Կողմերի անզիջողությունը դատապարտեց նրանց ստորագրել համաձայնության ռուսական նախագիծը Մոսկվային ուղղված դիմումի տեսքով առանձին` մայիսի 9-ին Բաքվում, մայիսի 10-ին` Երևանում, մայիսի 11-ին` Ստեփանակերտում: Այն ուժի մեջ մտավ մայիսի 12-ի կես գիշերին:

«Ղարաբաղի վերաբերյալ իր միջնորդական գործունեության մեջ Ռուսաստանն ի սկզբանե առավելությունը տալիս էր և տալիս է ռազմական գործողությունների դադարեցմանը և անընդունելի է համարում դրանց վերսկսումը` սկսած Բորիս Ելցինի ու Նուրսուլթան Նազարբաևի ուղևորություններից հակամարտության գոտի: Արդյունքում 1991թ. սեպտեմբերի 23-ին ընդունված Ժելեզնովոդսկի կոմյունիկեն նախատեսում էր դադարեցնել կրակը մինչև 1992թ. հունվարի 1-ը: ( Նույն նպատակն է հետապնդում 2008թ. նոյեմբերի Մոսկվայի հռչակագիրը):

1993թ. Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածություն կնքվեց մի քանի կարճաժամկետ հրադադարների մասին: Դրանցից մի քանիսը երկարացվեցին, մյուսները ձախողվեցին, սակայն 1993թ. սեպտեմբեր-հոկտեմբերին հրադադարը 50 օր տևեց: Նման առաջարկներ քննարկեց նաև Մինսկի խումբը, սակայն նպատակին չհասավ: Երբ 1993թ. ապրիլի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց թիվ 822 բանաձևը, որը պահանջում էր դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ հայկական ուժերին` հեռանալ գրավյալ տարածքներից: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերից ոչ մեկը չկատարվեց ամենակարևոր պահանջի` ռազմական գործողությունները դադարեցնելու առումով, ինչն անհնար էր դարձնում մյուս պահանջների կատարումը: Ամենադաժան մարտերը տեղի ունեցան 1993-94թթ. ձմռանը, այսինքն, երբ արդեն կային բոլոր 4 բանաձևերը: Դրանից հետո, ՄԱԿ-ը դադարեց բանաձևեր ընդունել Ղարաբաղի վերաբերյալ»,-գրում է ռուս դիվանագետը:

Կազիմիրովը հիշեցնում է, որ հենց ՌԴ նախաձեռնությամբ Բիշքեկում կայացավ Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպումը: Երկօրյա բանավեճից հետո հանդիպման բոլոր մասնակիցները, բացի Ադրբեջանից, ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը: Մայիսի 8-ին Ադրբեջանը ևս ստորագրեց արձանագրությունը Բաքվում` ուղղումներով, որոնք չէին խոչընդոտում հրադադարի հաստատմանը:

16 տարին միանգամայն ընդունելի ժամկետ է լուծում գտնելու համար, սակայն իրենց բևեռային տարբեր դիրքորոշումներով կողմերը ևս մի քանի տարով հետաձգում են այդ գործընթացը: Մոտ ապագայում առաջընթաց չի ակնկալվում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---