FIDH-ը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտն ու Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Ժնևում տեղի ունեցած Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման կապակցությամբ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով ողջունում են ՀՀ իշխանություններին ուղղված բազմաթիվ կարևոր առաջարկությունները և կոչ են անում Հայաստանին շուտափույթ կերպով իրականացնել դրանք։

«Այնուամենայնիվ մենք ցավով նշում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում որոշ թերություններ արձանագրելու և դրանք ուղղելու պատրաստակամություն դրսևորելու փոխարեն ՀՀ իշխանությունները գտնում են, որ պատվիրակների կողմից արված առաջարկությունների կեսն արդեն իրականացվել են», - նշել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը։

Համատեղ հայտարարության մեջ կազմակերպությունները ողջունում են այն փաստը, որ մի շարք երկրներ դատապարտեցին 2008թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած բռնությունները և կոչ արեցին, որ Հայաստանը իրականացնի դեպքերի լիարժեք քննություն և պատասխանատվության ենթարկի մեղավոր անձանց։ «Մեր կազմակերպությունները ցավով նշում են, որ ՀՀ պատվիրակությունն այս դեպքերի առնչությամբ քննություն իրականացնելու կամք դրսևորելու փոխարեն միայն պնդեց, որ ոստիկանության կողմից կիրառված բռնության ապացույցներ չկան, և համարեց, որ այս առաջարկությունն արդեն իրագործվել է»,- նշվում է հայտարարության մեջ:

Արդարադատության համակարգի անկախության բացակայությունը նույնպես քննադատության է արժանացել մի շարք երկրների կողմից։ Գերմանիան և Հունգարիան առաջարկեցին, որ Հայաստանը հրավիրի Դատավորների և փաստաբանների անկախության հարցերով հատուկ զեկուցողին։

Հայաստանի դիտարկման մյուս առաջնային հարցի՝ քաղաքացիների, լրագրողների և իրավապաշտպանների խոսքի ազատության ու հավաքների ազատության իրավունքի առնչությամբ բազմաթիվ պատվիրակություններ իրենց մտահոգությունը արտահայտեցին խաղաղ հավաքների ազատության իրավունքի շարունակվողսահմանափակումների վերաբերյալ՝ 2008թ. մարտին «Ժողովներ, հանրահավաքներ,երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո։

Հայաստանին նաև բազմիցս կոչ արվեց հստակ չափանիշ սահմանելհեռարձակման լիցենզիաների տրամադրման վերաբերյալ։ «Մելտեքս ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում՝ հեռարձակման լիցենզիաների տրամադրումը անօրինական մերժելու համար։ Բացի այդ, դատապարտվեց նաև 2008թ. ի վեր լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից բռնության կիրառումը։

Մի շարք երկրներ նաև մտահոգված էին իրավապաշտպանների աշխատանքային պայմաններով։ Ըստ նրանց, քաղաքացիական հասարակության ակտիվ գործիչները պետք է կարողանան աշխատել առանց խոչընդոտների, իսկ նրանց դեմ ուղղված հարձակումները պետք է քննության ենթարկվեն, և մեղավոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Լուրջ մտահոգություններ արտահայտվեցին գենդերային խտրականության արմատացած դրսևորումների վերաբերյալ, մասնավորապես կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունների, որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության, և կանանց նկատմամբ խտրականության մասին օրենսդրության բացակայության վերաբերյալ։ Թրաֆիքինգի վտանգի տակ գտնվող կանանց պաշտպանության, ինչպես նաև տուժողների աջակցության և ապաստանի տրամադրման հարցերը նույնպես հատուկ ուշադրության արժանացան։

«Մեր կազմակերպությունները ողջունում են ներկայացված առաջարկությունները, կշարունակեն հետևել իրավիճակին և նպաստել բարեփոխումների իրականացմանը։ Այնուամենայնիվ, արդյունքների կարելի է հասնել միայն եթե Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն իրականացնի առաջարկությունները և գործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը իրավիճակը բարելավելու համար»,- ընդգծվում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH), Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի համատեղ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---