Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը նշում է իր 300-ամյակը![]() 21 հունիսի 2010 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում հայ համայնքի 300-ամյակին նվիրված ընդունելությանը: Իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Այսօր մենք այստեղ ենք` նշելու Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հիմնադրման 300-րդ տարեդարձը: Առաջին հերթին` ուզում եմ ձեզ շնորհավորել այս նշանակալի օրվա կապակցությամբ: Սանկտ Պետերբուրգն առանձնահատուկ` ռուսական մշակույթի ու պատմության մեծությունը մարմնավորող քաղաք է: Պատահական չէր, որ Պետրոս Առաջինը նոր մայրաքաղաքը հիմնեց հենց այստեղ` Բալթիկ ծովի ափին: Նա պատուհան բացեց դեպի Եվրոպա, եւ նոր մայրաքաղաքը եղավ քաղաքակիրթ ընտրության հռչակումն ու ապացույցը»: «Այս օրերին ես այստեղ եմ գտնվում` նաեւ մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին, որն անցկացվում է ՌԴ նախագահի հովանու ներքո: Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է Պետրոս Առաջինի ավանդույթները: Սա ոչ միայն պատուհան է դեպի Եվրոպա, այլև բաց եւ անկեղծ երկխոսության հարթակ է ամբողջ աշխարհի համար: Իր գոյության առաջին իսկ օրերից` Ռուսական կայսրության նոր մայրաքաղաքը դեպի իրեն է ձգել ակտիվ եւ գործունյա մարդկանց ամբողջ Եվրոպայից: Այդ նոր հնարավորություններից անմասն չեն մնացել նաեւ մեր հայրենակիցները: Հենց այս քաղաքում հայ ձեռներեցներ Իսախանյան եղբայրները 1758թ. հիմնեցին ռուսական առաջին բաժնետիրական ընկերություններից մեկը, որը, պատկերացրեք, զբաղվում էր Իրանի հետ առեւտրային հարաբերությունների հաստատմամբ: Իսկ այնտեղ, որտեղ հայտնվում է անգամ ամենափոքր հայկական համայնքը, սկսում են հիմնադրվել մշակույթի եւ կրթության օջախներ: Եվ արդեն 1770թ. Սանկտ Պետերբուրգի վեհաշուք Նևսկի պողոտայի վրա հիմնվում է հայկական Սուրբ Կատարինա եկեղեցին: 18-րդ դարավերջին այստեղ արդեն գործում էին երկու հայկական եկեղեցիներ եւ հայկական տպագրատուն: Եվ զարմանալի չէ, որ այդ տպագրատանը լույս տեսած առաջին գիրքը եղել է հայերեն “Այբբենարանը”` լուսավորության եւ գրագիտության խորհրդանիշը: Ես այսօր այդ մասին էի խորհում, երբ Սանկտ Պետերբուրգի հայկական դպրոցին էի հանձնում գրքեր եւ ուսումնական նյութեր, այդ թվում և` առաջին հայերեն էլեկտրոնային այբբենարանը»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքերով, 19-րդ դարում հայ բնակչության աճին զուգահեռ` Սանկտ Պետերբուրգը դարձավ հայկական մշակույթի կենտրոններից մեկը: Այստեղ հրատարակվում էր պարբերական մամուլ, ստեղծվում էին թատերական խմբեր: Սանկտ Պետերբուրգի համալսարանում գործում էր հայոց լեզվի ամբիոն, որը դարձել է աշխարհում ամենահայտնի հայագիտական դպրոցներից մեկը: Այնտեղ դասավանդել են արվեստի եւ գիտության այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Նիկողայոս Մառը եւ Հովսեփ Օրբելին: Վերջինս հետագայում ղեկավարել է աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը`Էրմիտաժը: Այսօր նրա գործը շարունակում է մեր մեկ այլ հայրենակից` ծնունդով Երեւանից Միխայիլ Պիատրովսկին: Սանկտ Պետերբուրգի բուհերում կրթվել են հազարավոր հայ ուսանողներ, որոնց թվում` այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը եւ կենսաբան Արմեն Թախտաջյանը: «Բոլորովին վերջերս մենք նշեցինք ֆաշիզմի դեմ պայքարում մեր ընդհանուր հաղթանակի 65-ամյակը: Այն, ինչ կրել է Լենինգրադը 1941-44թթ. հնարավոր չէ հիշել առանց սարսռալու: Հազարավոր հայ մարտիկներ են մասնակցել Լենինգրադի ճակատամարտին եւ այստեղ տվել իրենց կյանքը հանուն լավ ապագայի: Մեր հայրենակիցը` ծովակալ Իվան Իսակովը վարել է Բալթյան նավատորմի հրամանատարությունը: Քաղաքը կրել է անասելի զրկանքներ եւ ֆաշիզմի դեմ անհավասար պայքարում ցուցաբերել ծայրահեղ արիություն: Մենք լսելով չէ, որ գիտենք, թե ինչ է նշանակում ապրել շրջափակման մեջ: Չնայած հրադադարին, որ հաստատվել է Ղարաբաղի ժողովրդի հերոսական պայքարի արդյունքում, Հայաստանը շարունակում է ապրել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից անօրինական շրջափակման մեջ: Հակառակ դրան, շնորհիվ մեր ժողովրդի աշխատասիրության եւ մեր բարեկամների ու դաշնակիցների անգնահատելի աջակցության, մեզ հաջողվեց կայունացնել Հայաստանի տնտեսությունը եւ ապահովել տնտեսակա աճ: Սակայն, շրջափակումը շարունակվում է, և 21-րդ դարում մեր երեխաները շարունակում են ապրել եւ մեծանալ բաժանարար գծերի եւ ականապատված դաշտերի միջավայրում: Հայ ժողովուրդը հիշում է իր պատմությունը եւ հպարտանում է նրանով: Հայկական սփյուռքի ձևավորումը, համայնքների սփռվելն ամբողջ աշխարհով` հայ ժողովրդի կամավոր ընտրությունը չէր, այլ մեր պատմության ողբերգական էջերի հետեւանքը: Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին եւ, մասնավորապես, Նևայի ափին գտնվող այս մեծ քաղաքին` տեղի հայերին իրենց նոր փոքր հայրենիքի կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Եվ ես վստահ եմ, որ հայերն այստեղ նաև այսօր են իրենց արժանավոր ներդրումը կատարում պետերբուրգյան լավագույն ավանդույթների զարգացման գործում: Եւ այսօր մենք վստահորեն կարող ենք ասել. Մենք հպարտանում ենք մեր ժողովուրդների բարեկամությամբ: Մենք հավատարիմ ենք մեր նախնիների պատգամներին: Այսօր, այստեղ մենք միասին պետք է իմաստավորենք այս խոսքերը, որոնց լավագույն մարմնավորումը հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը»,-ասել է Հայաստանի նախագահն իր խոսքում, հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |