Միայն ԼՂՀ վերջնական ճանաչումը կսթափեցնի Բաքվի վարչակազմին

Միայն ԼՂՀ վերջնական ճանաչումը կսթափեցնի Բաքվի վարչակազմին

PanARMENIAN.Net - Բաքվի վարչակազմը ոչ մի փաստարկ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) հանդեպ իր ոչնչով չհիմնավորված ռևանշիստական տարածքային բողոքների համար, բացի պատերազմի վերսկսման սպառնալիքներից ու ռազմական սադրանքներից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: «Բաքվի ռևանշիստներն ու պատերազմ հրահրողները, որոնք կազմակերպել էին 2010 թվականի հունիսի 18-ի սադրանքը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա, հերթական անգամ ցուցադրեցին, որ իրենք ընդունակ չեն խաղաղ բանակցություններ վարել, որ իրենք չեն ճանաչում միջազգային իրավունքն ու անտեսում են ավելի վաղ ստորագրված միջազգային համաձայնագրերը, որ Ադրբեջանում շարունակվում է մարդկային կյանքի արժեզրկումը»,- նշել է նա:

Զարգարյանը հիշեցրել է, որ վերջերս Բաքուն մերժեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքելու Հայաստանի առաջարկը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը` ճակատի գծից դիպուկահարների հեռացման մասին:

Ադրբեջանը զենքի սարեր է կուտակում, որոնց միակ կիրառությունը ԼՂՀ քաղաքացիների վրա կրակ բացելն է: Դա պետք է պարզ լինի բոլորին: Բաքվի վարչակազմի գաղափարախոսությունն ու քաղաքականությունը բացահայտ ու միանգամայն պարզունակ է. մենք ռազմական ճանապարհով կոչնչացնենք Լեռնային Ղարաբաղը, իսկ եթե հաջողվի, ապա ապագայում նաև Հայաստանին, իսկ եթե Լեռնային Ղարաբաղը դրա հետ համաձայն չէ, ուրեմն նա հակված չէ փոխզիջումների: Բնականաբար հարց է ծագում` ինչպիսի՞ն են գործող ադրբեջանական վարչակազմի հետ արդյունավետ խաղաղ բանակցությունների վարման մեխանիզմները, և արդյո՞ք կարելի է հասնել կարգավորման, եթե Բաքուն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի գոյության իրավունքը: Այն, թե արդյոք տերությունը պատասխանատու է, թե ոչ, որոշվում է նաև նրանով, թե արդյոք նա ընդունակ է կանխել այլ երկրների ու ժողովուրդների հանդեպ ագրեսիան: Բաքուն իր սադրիչ ու ագրեսիվ քաղաքականությամբ ինքը միջազգային հանրությանն այլ ելք չի թողել, քան վերջնականապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: Այդ վաղուց հասունացած ակնհայտ քայլը կսթափեցներ Բաքվի վարչակազմին և կհրահրեր լուրջ բանակցային գործընթաց վարել ԼՂՀ հետ: Իսկ առայժմ հենց ԼՂՀ ուսերին է ծանրացած տարածաշրջանում խաղաղության ու կարգուկանոնի պահպանման բեռը»,- ընդգծել է ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդականը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---