Պատերազմ սանձազերծելու դեպքում Ադրբեջանը կհայտնվի տնտեսական բացարձակ կործանման եզրին

Պատերազմ սանձազերծելու դեպքում Ադրբեջանը կհայտնվի տնտեսական բացարձակ կործանման եզրին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցում Իլհամ Ալիևի քաղաքականությունը առավելապես պայմանավորված է ներքին գործոններով: Այս մասին հայտարարել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը` մեկնաբանելով վերջին միջադեպը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Ըստ նրա, Իլհամը, ինչպես նրա հայրը, պատկանում է քաղաքական այն գործիչների թվին, որոնց համար միակ սրբությունն իշխանությունն է` այդ կարգավիճակից ածանցվող հսկայական գումարներ գրպանելու հնարավորությամբ: Հետևաբար, այդ տեսանկյունից էլ պետք է քննել Արցախի ճակատում Ալիևի կողմից պատերազմ սանձազերծելու հնարավորությունը: «Իլհամ Ալիևը, կարծում եմ, չի մոռացել, որ Ադրբեջանում իշխանափոխությունները միշտ էլ տեղի են ունեցել Արցախում կրած ռազմական պարտությունների պատճառով: Արդյո՞ք ներկայումս Ալիևն ունի պատերազմում հայկական կողմին ջախջախիչ պարտության մատնելու երաշխիք: Համոզված եմ, որ ոչ: Ավելին, հավանականությունը, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը տարածքային նոր կորուստներ կունենա շատ ավելի մեծ է: Փորձենք նաև հասկանալ` ի՞նչ գին է վճարելու Ադրբեջանը Արցախի ճակատում ենթադրյալ հաղթանակի դեպքում: Եթե մինչևիսկ պատկերացնենք անհնարինը` ասենք ադրբեջանական զինուժին հաջողվի ոչնչացնել հայկական բանակը (անհնարին մի բան պաշտպանական դիրքերում գտնվող բանակի դեպքում) և տեղահանել արցախաբնակ ողջ հայությանը (իրողություն է, որ այս պատերազմը ոչ միայն բանակների միջև է, այլև ժողովուրդների), ի՞նչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը»,-նշում է փորձագետը:

Ըստ Արա Պապյանի, ի լրումն տասնյակ հազարավոր նոր զոհերին, Ադրբեջանը հայտնվելու է տնտեսական բացարձակ կործանման եզրին: «Ադրբեջանը որպես պետություն այսօր գոյատևում է զուտ նավթի և գազի արտահանման շնորհիվ: Դրանց գումարներով է, որ այսօր Ադրբեջանը զինվում է և պարբերաբար հոխորտում է Արցախի և Հայաստանի դեմ: Այսինքն, նավթահանքերը, նավթամուղերը, գազատարները և նման այլ ենթակառույցները, ռազմական նշանակության օբյեկներ են, հետևաբար միանգամայն օրինական թիրախներ: Միթե՞ պարզ չէ, որ պատերազմի առաջին իսկ ժամերի ընթացքում դրանցից միայն ծխացող մետաղակույտեր կմնան: Պետք է նաև ընդգծել, որ Ադրբեջանը չի կարող ձեռնարկել համարժեք քայլեր, քանի որ Հայաստանի տնտեսությունն իր բոլոր թերություններով հանդերձ, անհամեմատ պակաս խոցելի է, քանի որ մենք չունենք 2-3 օբյեկտ, որոնց ոչնչացումը կհանգեցնի արտահանության, հետևաբար բուն եկամուտի, 90% -ի ոչնչացմանը»,-կարծիք է հայտնել փորձագետը: Բացի այդ, Ալիևը ոչ միայն սեփական ժողովրդի, այլև արտասահմանյան այն բոլոր ընկերությունների առջև է պատասխանատվություն կրում, որոնք հսկայական ներդրումներ են կատարել վերոնշյալ ոլորտում և որոնցից շատերը դեռևս հետ չեն բերել իրենց ներդրած գումարները: Ալիևի ինչի՞ն է պետք պատերազմը: Մոլագար հայատյացությունը Ալիևին պետք է գողացած իշխանությունը պահելու և գողոնը պահպանելու համար»,-գտնում է Արա Պապյանը:

Լարված իրավիճակում պատերազմները կարող են ծագել նաև ինքնաբերաբար: Սակայն, ըստ Արա Պապյանի, որպես մտածված քաղաքականություն, Ալիևը միայն մի դեպքում կգնա արկածախնդրության (ուրիշ բառով դա հնարավոր չէ կոչել), երբ նրա դիրքերն Ադրբեջանում այնքան թուլացած լինեն, որ կասկածի տակ դրվի կեղծիքի և խաբեության ճանապարհով հերթական անգամ իշխանությունը զավթելու Ալիևի հնարավորությունը: «Երբ պատերազմը Իլհամ Ալիևի համար դառնա իշխանությունը պահելու միակ ճանապարհը, նա կգնա դրան: Սակայն քանի որ ներկայումս Ադրբեջանում գրեթե իսպառ բացակայում է որևէ ընդդիմություն, ապա չեմ կարծում, որ էմիրը որևէ մեկից դյուզն իսկ վտանգ է զգում: Այսօր Իլհամ Ալիևն ինքը շահագրգռված չէ ադրբեջանական բանակի ո’չ հաղթանակով և ո’չ էլ պարտությամբ: Արևելքում չեն ներում պարտված էմիրներին, միևնույն ժամանակ Արևելքում ոչինչ այնքան վտանգավոր չէ բռակալի համար, որքան հաղթանակ տեսած բանակի զինվորն ու զորավարը»,-գտնում է Արա Պապյանը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---