ԱՄԱԱՈՒ-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին հայկական զորախմբի գերազանց և օրինակելի ծառայության համար

ԱՄԱԱՈՒ-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին հայկական զորախմբի գերազանց և օրինակելի ծառայության համար

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հուլիսի 24-ին այցելել է Կունդուզում տեղակայված ՀՀ զորախմբին, ծանոթացել է հայ խաղաղապահների ծառայության պայմաններին, եղել Կունդուզի օդանավակայանի հենակետերում: Օդանավակայանի անվտանգությունն ապահովում է հայկական զորախումբը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը օրհնել է հայ խաղաղապահների կողմից կառուցված Սուրբ Թադևոս Առաքյալ անվանակոչված մատուռը:

Այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Աֆղանստանի միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ-ISAF) հրամանատար, գեներալ Դեվիդ Հ. Պետրեուսի, ԱՄԱԱՈՒ-ի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության հրամանատարի և Կունդուզ նահանգային վերականգնողական խմբի ղեկավարության հետ: Կողմերը քննարկել են Աֆղանստանի և տարածաշրջանի անվտանգության միջավայրը, ԱՄԱԱՈՒ-ից աֆղանական զինված ուժերին անվտանգության պատասխանատվության փոխանցման գործընթացի հետ կապված մարտահրավերները, Քաբուլի վեհաժողովի արդյունքները և հետագա համագործակցության հեռանկարները:

ԱՄԱԱՈՒ-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին հայկական զորախմբի գերազանց և օրինակելի ծառայության և այն կարևոր ներդրումի համար, որ հայ խաղաղապահերն ունեն Աֆղանստանի հյուսիսի ռազմավարական նշանակություն ունեցող տեղանքների անվտանգության ապահովման գործում:

ԱՄԱԱՈՒ-ի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Հանց Վերներ Ֆրիցը համառոտ ներկայացրել է նաև Աֆղանստանի հյուսիսային տարածաշրջանում անվտանգության միջավայրը, գործողությունների ռազմավարությունը, հրամանատարական կառուցվածքը, ձեռքբերումները և առաջիկա մարտահրավերները, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---