Բակո Սահակյան. Արցախի անկախության հռչակումը դարձավ համահայկական նշանակություն ունեցող իրադարձություն

Բակո Սահակյան. Արցախի անկախության հռչակումը դարձավ համահայկական նշանակություն ունեցող իրադարձություն

PanARMENIAN.Net - Արցախի անկախության հռչակումն ունեցավ համահայկական նշանակություն և նոր էջ բացեց մեր նորագույն պատմության մեջ: Մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության հետ միասին Արցախը, դիմակայելով բազմաթիվ դժվարությունների, կարողացավ պահպանել ու ամրապնդել իր պետական անկախությունը և անվտանգությունը, հուսալի հիմք ստեղծել կայուն զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Կարոտ» երրորդ միջազգային հայկական փառատոնի բացման ժամանակ:

«Մեր բոլոր հաղթանակների և ձեռքբերումների հիմքում ընկած է առաջին հերթին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությունը: Այդ միասնության ամրապնդման գործում անգնահատելի է մշակութային կապերի ընդլայնման և ոլորտի զարգացման նշանակությունը: Եվ այս գործընթացում իր ուրույն դերակատարությունն ունի «Կարոտ» միջազգային փառատոնը, որը մեկնարկեց 2008 թվականին և դարձավ համահայկական նշանակալի իրադարձություն:

Փառատոնի կազմակերպման գործում իրենց ջանքերն են համադրում Հայրենիքի և Սփյուռքի պետական ու հասարակական կազմակերպությունները, բիզնես շրջանակները, մշակույթի ականավոր ներկայացուցիչներ, մարդիկ, ում համար հայ ինքնության և ազգային ժառանգության պահպանումը հանդիսանում է բացառիկ արժեք: «Կարոտի» աշխատանքները դրական լիցք են հաղորդում նաև մշակութային միջազգային երկխոսության զարգացմանը, նպաստում են արտերկրում հայկական մշակույթի ճանաչելիությանը, ինչպես նաև տարբեր երկրների ու ժողովուրդների մշակույթը Հայաստանում և Արցախում ներկայացնելու գործընթացին: Այն, որ այսօր մեզ հետ միասին այստեղ են Ամերիկայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և այլ տարածաշրջաններից ժամանած անվանի երաժիշտներ, դերասաններ, մշակույթի ականավոր գործիչներ` դրա վառ ապացույցն է: Մենք խորապես շահագրգռված ենք և բաց ենք նման համագործակցության համար:

Ավարտելով խոսքս` ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կարոտ» միջազգային փառատոնի կազմակերպիչներին, Հայ մշակույթի զարգացման հիմնադրամին` այս կարևոր միջոցառումն Արցախում անցկացնելու համար: Հուսով եմ, որ այն կլինի շարունակական և կդառնա բարի ավանդույթ»,- ասել է Բակո Սահակյանը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---