ՀՀ փոխվարչապետն ու ԼՂՀ վարչապետը կարևորում են համագործակցության խորացումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Հայաստան վերադառնալուց առաջ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանդիպեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին տարածքային կառավարման ոլորտում, ՀՀ մարզերի ու ԼՂՀ վարչական շրջանների միջև համագործակցությանն ուղղված ծրագրերը: Երկուստեք գոհունակություն հայտնեցին գործակցության ներկա մակարդակից և միաժամանակ կարևորեցին նշված ոլորտներում համագործակցության շարունակականությունը: Քննարկեցին նաև այլ բնագավառներում փոխգործակցության զարգացման ու ընդլանման հնարավորությունները:

Հաշվի առնելով, որ գյուղատնտեսության ոլորտը գտնվում է երկու կառավարությունների ուշադրության կենտրոնում և երկու հանրապետություններում իրականացվում են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բազմաբնույթ ծրագհրեր` Ա. Գևորգյանն ու Ա. Հարությունյանը քննարկեցին ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում և Արցախում իրականացվող գյուղատնտեսական զարգացման ծրագրերի համադրման ու համատեղ իրականացման հնարավորությունները:

Մասնավորապես նշվեց, որ թե Հայաստանի, թե Արցախի գյուղացիական տնտեսությունների շրջանում տարեցտարի աճում է հետաքրքրությունը ծխախոտագործության նկատմամբ, և օգտակար համարվեց Արցախում Հայաստանի մարզերի փորձի կիրառումն ու վերջիններիս աջակցությունն Արցախում ծխախոտագործության զարգացմանը:

Առանձին քննարկման առարկա դարձան խաղողի մթերման կազմակերպման գործընթացին, ինչպես նաև գինեգործության զարգացման ծրագրերին, արտահանման խրախուսմանն ուղղված համատեղ քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և ԼՂՀ-ի պետական կառույցների միջև ուղիղ համագործակցության հաստատման անհրաժեշտությունը: Նրանք կարևորեցին Ստեփանակերտում «Հայաստանի ազգային արխիվ» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների միջև ստորագրված համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը և հույս հայտնեցին, որ երկու երկրների գործընկեր գերատեսչությունների միջև նմանատիպ կապերի ստեղծումը շարունակական կլինի:

Փոխվարչապետի հետ ԼՂՀ այցելած ՀՀ յոթ մարզերի ղեկավարներն այցի ընթացքում հնարավորություն ունեցան ԼՂՀ գործընկեր վարչական շրջաններում ամփոփել ընթացիկ տարում իրականացված միջոցառումները և համագործակցության արդյունքները, ինչպես նաև նախանշել առաջիկա անելիքներն ու միջոցառումները: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---