ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքությունը հրաժարվել է մասնակցել Սբ. Խաչ եկեղեցու պատարագին

ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքությունը հրաժարվել է մասնակցել Սբ. Խաչ եկեղեցու պատարագին

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Երուսաղեմի պատրիարք, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը չի պատրաստվում մասնակցել Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու պատարագին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Հայ դատի» Երուսաղեմի գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը: Նրա խոսքերով, պատրիարքն արդեն ծեր է, նա 80 տարեկան է և չի կարող մեկնել Վան: «Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությունը չօծված և գմբեթին առանց խաչի եկեղեցում անընդունելի է: Հայկական համայնքը նույնպես չի պատրաստվում մասնակցել այդ շոուին»,- ընդգծել է Ավագյանը:

ՀԱԵ երեք բարձրագույն հոգևորականները` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը և Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Մանուկյանը, հրաժարվել են մասնակցել Սբ. Խաչ եկեղեցու պատարագին:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---