Վանի ԱԱՊ-ն ցանկանում է ուղիղ ավիաչվերթներ բացել Վան-Երևան ուղղությամբ

Վանի ԱԱՊ-ն ցանկանում է ուղիղ ավիաչվերթներ բացել Վան-Երևան ուղղությամբ

PanARMENIAN.Net - Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգությունը դրական երևույթ էր, և նրան չպետք է խանգարի հայկական սփյուռքի բացասական վերաբերմունքը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն պատմաբան Արա Սաֆարյանը: «Ես ողջունում եմ թուրքական կառավարությանը նրա համար, որ նա թույլ է տվել պատարագ անցկացնել: Երկու ժողովուրդները շատ չլուծված բարդ հարցեր ունեն: Կա չհաշտեցում երկու կողմերից: Առաջընթացի հասնելու համար մենք պետք է վերահսկենք գործընթացը»,- ասել է Սաֆարյանը Վանում «Աղթամար` հայկական միջնադարյան ճարտարապետության մարգարիտ» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը գրել է թուրք լրագրող Օսման Կոկերի հետ, գրում է Today’s Zaman-ը:

Իր հերթին, պրոֆեսոր Բասկին Օրանը, որը հայերի և թուրքերի հաշտեցման կողմնակից է, հայտարարել է, որ ժամերգությունը խորհրդանշում է ազգային պետության քանդում և ժողովրդավարական պետության կառուցում: «Սա կրոնի ազատության ճանաչում է: Թուրքիան գտնվում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ասել է Օրանը, որը «Հայեր, ներեք մեզ» ակցիայի նախաձեռնողն է:

«Այս եկեղեցին կարևոր պատմական նշանակություն ունի: Սա ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ»,- ասել է Անկարայում Գերմանիայի դեսպան Էքհարդ Կունցը, որը մասնակցել է պատարագին` հույս հայտնելով, որ հայ-թուրքական սահմանն ամեն դեպքում կբացվի:

Միաժամանակ, Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտարարել է, որ քաղաքականությունը չպետք է խանգարի առևտրային հարաբերությունների զարգացմանը: Նա նաև նշել է, որ նախատեսում է հայկական ավիաընկերություններից մեկի հետ կազմակերպել Երևան-Վան ուղիղ չվերթներ: Քանդաշօղլուն հայտարարել է, որ սահմանի բացումից հետո Վանը կդառնա զբոսաշրջային կենտրոն: «Մեր օրակարգի առաջին կետը սահմանի բացումն է: Հետո տեղի կունենա բոլոր հուշարձանների վերականգնում, որոնք մեր տարածաշրջանում պատմական նշանակություն ունեն»: Ինչ վերաբերվում է գմբեթի խաչին, որն այդպես էլ չտեղադրվեց, Քանդաշօղլուն նշել է, որ նա կցանկանար, որ խաչն ավելի վաղ տեղադրվեր, որպեսզի երկու ժողովուրդների միջև վստահությունն ավելի շատ լիներ:

«Հայեր, ներեք մեզ» հանրագիր

«Հայեր, ներեք մեզ» հանրագիրը Ինտերնետում տեղեկայվեց 2008 թվականի դեկտեմբերի 15-ին: Այս նախաձեռնության հեղինակներն են Ստամբուլի Բախչելիի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների եւ հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: Հանրագրի տակ ստորագրել են մոտ 30 հազար հոգի: «Ես չեմ կարող հաշտվել Օսմանյան կայսրությունում հայերին պատուհասած աղետի եւ դրա ուրացման հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում եմ սեփական կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»,- ասվում է փաստաթղթում:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---