Ռումինիայի վարչապետը կարևորում է 2011-12թթ. ռումինահայ մշակույթի պահպանմանը նվիրված համատեղ միջոցառումնեի կազմակերպումը

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկն ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ժամանակ մտքեր փոխանակվեցին հայ-ռումինական հարաբերությունների, մասնավորապես` տնտեսության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ մշակույթի ոլորտներում կապերի խթանման եւ ամրապնդման կոնկրետ ծրագրերի շուրջ: Այդ առումով Ռումինիայի վարչապետը կարեւորեց առաջիկա մարտի 10-ին առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի 3-րդ նիստի գումարումը Բուխարեստում, նիստին զուգահեռ գործարար ֆորումի կազմակերպումը, ինչը առիթ կընձեռնի կրկին նշել փոխադարձ հետաքրքրությունների շրջանակները եւ ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ:

Վարչապետը ողջունեց նաեւ ռոմանահայ մշակութային ընդհանուր ժառանգության վերաբերյալ 2011-2012թթ. համատեղ խոշոր միջոցառումներ կազմակերպելու գաղափարը, ժառանգություն, որը եվրոպական տարածքի վրա մշակութային բազմազանության լավագույն դրսեւորումներից մեկն է եւ կենդանի վկայությունը քաղաքակրթությունների փոխհարստացման եւ դրանց կրողների համերաշխ գոյակցության:

Այդ առանձնազրույցը հաջորդեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Եվրոպական վարչության ներկայացուցիչների հետ Ռումինիայի կառավարությունում կայացած հանդիպմանը:

Մինչ այդ, ՀԲԸՄ Եվրոպական վարչության նախագահ Ալեքսի Գովճյանի (Alexis Govciyan) եւ եվրոպական տարբեր երկրների Բարեգործականի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը ներկայացվեց համազգային այդ հնագույն կառույցներից մեկի գործունեության հիմնական ուղղությունները եւ ներկա ծրագրերը, մասնավորապես ազգային ինքնության, կրթության եւ մշակույթի բնագավառներում: Այս առումով կարեւորվեց ռումինական փորձը եւ Ռումինիայի կառավարության քաղաքականությունը` ուղղված ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանը, պետական հոգածությամբ հնարավորություն ստեղծելով մոտ երկու տասնյակ փոքրամասնությունների հոգեւոր, լեզվի, մշակույթի եւ ավանդությունների զարգացման ու ազատ դրսեւորման համար: Այս հարցերի շուրջ օրվա առաջին կեսին կառավարությունում մտքերի փոխանակություն էր տեղի ունեցել Կառավարությանը կից Ազգամիջյան հարաբերությունների վարչության պետ Աթիլա Մարկոյի, Ռոմանահայոց միության եւ ՀԲԸՄ պատվիրակության միջեւ: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, ՀԲԸՄ Եվրոպական վարչության նախագահ Ալեքսի Գովճյանը, Ռոմանահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը (VarujanVosganian), Ռումինիայի Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը (VarujanPambuccian):

Հայկական Բարեգործական ընդհանուր միության եվրոպական վարչությունը շաբաթ օրը Բուխարեստի Դուդյան սրահում կգումարի իր հերթական տարածաշրջանային ժողովը, որի շրջանակներում նախատեսված են նաեւ հանդիպումներ ռումինահայ համայնքի հետ, ծանոթացում Հայ առաքելական եկեղեցու, Ռոմանահայոց միության ծրագրերին, Արարատ հրատարակչության, Նոր Կյանք եւ Արարատ պարբերականների աշխատանքներին` նպատակ ունենալով ամրապնդել վերջիններիս կապերը եվրոպական մյուս հայկական համայնքների հետ եւ խթանել նրանց առավել ներգրավումը համահայկական կյանքում:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---