27 մարտի 2012 - 18:05 AMT
ՀՈԴՎԱԾ
Սլովենիայի համար Էրդողանը դեռ «տարվա մարդ» է, իսկ Գերմանիայի համար՝ արդեն ոչ
Թուրքիան իզուր է հույսեր փայփայում, որ բանաձևերն ամեն տարի չեն ընդգրկվի ԱՄՆ Կոնգրես
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև հիմա թիվ մեկ քաղաքական գործիչն է Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում, բայց ոչ միայն: Էրդողանին շնորհում են մրցանակներ խաղաղության համար, անվանում տարվա մարդ, տասնամյակի մարդ: Այդ ֆենոմենի բացատրությունը գտնելը դժվար է: Բայց եթե նայել երկրների ցուցակին, որոնք պարգևատրում են Էրդողանին, ամեն ինչ շատ թե քիչ պարզ է դառնում:

Սլովենիայում Մերձարևելյան և բալկանյան հետազոտությունների միջազգային ինստիտուտը Ռեջեփ Թայիփ Էրդողանին արժանացրել է «Վերջին տասնամյակի ականավոր անձնավորություն» մրցանակին: Մրցանակը հանձնվում է Մերձավոր Արևելքում և Բալկաններում հավասարակշռված քաղաքականության համար և ինստիտուտի բացման 10-ամյակի առթիվ: Բայց մրցանակը Թուրքիայի վարչապետին ավելի ուշ է հանձնվելու: Վերոհիշյալ ինստիտուտի գործողությունների տրամաբանությունը չի տեղավորվում Մերձավոր Արևելքում իրական իրավիճակի մեջ. Թուրքիային հազիվ թե կարելի է համարել այն երկիրը, որն իսկապես խաղաղություն է ցանկանում Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Բալկաններում: Սիրիայի հետ կապված վերջին գործընթացները խոսում են ճիշտ հակառակի մասին: Բուֆերային գոտու ստեղծումը, «լավ ձևով հեռանալու» կոչերը՝ ուղղված Ալ Ասադին, քրդերի հետ չդադարող պատերազմը քիչ են խոսում Անկարայի խաղաղասիրության մասին: Չխոսենք արդեն Իսրայելի մասին, որի դեմ պատրաստ է պատերազմ սանձազերծել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, եթե Երուսաղեմը սկսի ռմբակոծել Իրանին: «Մենք չենք հանդուրժի Թեհրանի դեմ ռազմական հարված, որի հետ մենք որոշակի տարաձայնություններ ունենք Սիրիայի հարցում: Եթե Իրանին ռմբակոծեն, Թուրքիան անմասնակից չի մնա»,- հայտարարել է Դավութօղլուն: Իր հերթին, Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է վերսկսել Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունն ահաբեկիչներին ոչնչացնելու համար: «Ավելի վաղ Թուրքիան արդեն գործողություն անցկացրել է Իրաքի հյուսիսում: Տվյալ փուլում մենք հետևում ենք իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կարող ենք վերսկսել գործողությունը հյուսիսային Իրաքի տարածքում»,- ասել է նա: Բայց առայժմ թուրքական բանակը պատերազմում է իր տարածքում՝ վերջին շաբաթվա ընթացքում սպանվել են ավելի քան երկու տասնյակ քուրդ ապստամբներ Շիրնակում Բիթլիսում: Ընդ որում Բիթլիսում սպանված 15 գրոհայինները կանայք են եղել:

Ինչ վերաբերվում է մյուս մրցանակին, որը շնորհել էր Էրդողանին գերմանական Steiger Awards-ը հանդուրժողականության համար, ապա այն որոշել են չտալ: Հրաժարվելու ձևակերպումը բավական շրջահոսելի է և զուսպ լավագույն եվրոպական ավանդույթներով. վարչապետը չի ժամանել մրցանակաբաշխությանը, ուստի հրաժարվել են նրանց մրցանակ հանձնել: Իրականում կազմակերպչական հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, ղեկավարվել է բողոքներով: Հայերը, քրդերը, ասորիները և ալեվիտները բողոքի ցույց են կազմակերպել Բոխումում հանձնաժողովի նման որոշման դեմ: Մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ Steiger Awards-ը փոխել է թուրք վարչապետին տրվող մրցանակի անվանակարգը: Փոփոխության համապատասխան Էրդողանը պետք է արժանարար պարգևի թուրք-գերմանական բարեկամության 50-ամյակի առիթով, բայց զրկվել է նաև դրանից:

Ինչ վերաբերվում է հանդուրժողականությանը, ապա Թուրքիան դրանով երբեք չի «տառապել», հատկապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ, առաջին հերթին հայերի և հույների: Սեուլում միջուկային անվտանգության գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ հետ հանդիպման ժամանակ Էրդողանը չի դիմացել և հանդիմանել է Օբամային ԵԱՀԿ ՄԽ գործունեության և Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի համար, որոնք ներկայացվում են ԱՄՆ Սենատում: «20 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբն ապարդյուն բանակցություններ է վարում ղարաբաղյան կարգավորման հարցում: Բայց հարցի լուծման համար Թուրքիան կարող է անել իրենից կախված ամեն ինչ, եթե անհրաժեշտություն առաջանա ազդելու Ադրբեջանի վրա»,- ասել է Էրդողանը: Անկարայի ողջ դժբախտությունը նրանում է, որ նա այդպես էլ չհասկացավ, որ ղարաբաղյան հարցում նրանից ոչինչ կախված չէ և նրա կողմից ամենալավ բանն ուղղակի չխառնվելն է:

Միաժամանակ, թուրք վարչապետը հայտարարել է, որ «պետք չէ ամերիկյան քաղաքական գործիչներից պատմաբաններ սարքել»: «Իշխանության են գալիս հանրապետականները, թե դեմոկրատները, նույն իրավիճակն է ստեղծվում: Այդ օրինագծերը չպետք է ամեն տարի ապրիլին հայտնվեն Կոնգրեսում»,- ասել է Էրդողանը: Նա ակնհայտորեն մոռացել է, որ ԱՄՆ նախագահը չի կարող իր հրամանով խոչընդոտել օրենսդրական իշխանության նախաձեռնությանը, այս կամ այն բանաձևը մտցնել կամ հանել Կոնգրեսի օրակարգից: Բայց Էրդողանը համոզված է, որ նա նախազգուշացրել է Օբամային հայկական հարցում և ԱՄՆ նախագահն ապրիլի 24-ին հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում կասի «Մեծ Եղեռն»: Բայց Թուրքիան իզուր է հույսեր փայփայում, որ բանաձևերն ամեն տարի չեն ընդգրկվի ԱՄՆ-ի Կոնգրեսում, իզուր…

Կարինե Տեր-Սահակյան