31 մարտի 2012 - 15:02 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի ուշադրության կենտրում պարենային անվտանգության մակարդակի բարձրացումն է
Չնայած նրան, որ Հայաստանում արտադրված արտադրանքը բարձր որակ ունի, այնուամենայնիվ, շատ արգելքներ կան դրա արտահանման համար
Հայաստանի պարենային անվտանգությունը դեռևս ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` հանդես գալով «ՀՀ գյուղատնտեսության զարգացման խնդիրները պարենային անվտանգության համատեքստում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ:

Այսօր պարենային անվտանգության ապահովման խնդրին առնչվում են անգամ զարգացած երկրները, ինչի պատճառով այդ հարցերը վերջին երեք տարիների ընթացքում ԵՄ ուշադրության կենտրոնում են: «Պարենային ինքնաապահովման մարտահրավերի առջև կանգնած են աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնք չեն կարող բավարարել բնակչության պարենային տարրական պահանջմունքները»,-ընդգծել է նա:Այս առնչությամբ ԱԱԽ քարտուղարը հավելել է, որ ԱՊՀ երկրները ևս հեռու չեն այս խնդրից, իսկ Հայաստանը «դեպի առաջ քայլ է արել` մշակելով պարենային անվտանգության ապահովման հայեցակարգ»: Միաժամանակ Արթուր Բաղդասարյանը հավաստիացրել է, որ երկրի իշխանությունները ավելի շատ ուշադրություն են դարձնելու այն խդիրների լուծմանը, որոնք կապված են երկրում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման հետ: Մասնավորապես, ըստ նրա, անհրաժեշտ է զարգացնել տեղական արտադրանքը համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ, ինչը կհանգեցնի ոչ միայն արտահանման ծավալների մեծացմանը, այլ նաև կբարձրացնի Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը:

Բարձր արդյունավետության տեսակի կիրառումը թույլ կտա 2012թ Հայաստանի հացահատիկի ցանքատարածքներն ավելացնել 20 հազար հեկտարով: Մինչև 2014թ Հայաստանը կկարողանա այդ մակարդակը հասցնել 60-70 տոկոսի: 2011թ հատիկավոր կուլտուրաների արտադրությունը 35 տոկոսով գերազանցել է 2010թ ցուցանիշը, իսկ ցորենի ինքնաբավության մակարդակը կազմել է 38,7 տոկոս (2010-ի համեմատ աճը 5%):

Նման ցուցանիշների Հայաստանը կարողացել է հասնել այնպիսի ծրագրերի իրականացման արդյունքում, ինչպիսիք են «2010-2014թթ ցորենի սերմերի արտադրություն և սերմնարտադրության զարգացումը», «2011-ին սերմերի և գարու արտադրությունը», «2011-ին եգիպտացորենի արտադրության զարգացումը»:

Ամեն տարի Հայաստանն օգտագործում է 650-720 հազար տոննա հացահատիկ, որից արտադրական նպատակներով օգտագործվում է միայն 435-450 հազար տոննան: Սեփական արտադրությունը կազմում է 168-175 հազար տոննա, իսկ պակասուրդը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալները վերջին 5 տարիների ընթացքում ամեն տարի կազմել են 380-420 հազար տոննա:

Գյուղատնտեսության ոլորտը բացառիկ դեր է խաղում երկրի տնտեսության զարգացման գործում, և ՄԱԿ-ը աջակցում է դրա բարելավմանն ու զարգացմանը, կարծում է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան: «Ուրախ եմ, որ Հայաստանում պարենային անվտանգության խնդիրներին շատ ուշադրություն է դարձվում, կան կառույցներ և փորձագետներ, որոնց աշխատանքները ուղղված են դրանց լուծմանը: Այնուամենայնիվ, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ, և մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել»,-ընդգծել է նա:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ Հայստանում կա առանձին գյուղատնտեսական հողատարածքների միավորման խնդիր, ինչը կնպաստեր դրանց մրցունակության բարձրացմանը: «Չնայած որ Հայաստանում արտադրված ապրանքները բարձր որակի են, այնուամենայնիվ, արտահանման համար կան բազմաթիվ արգելքներ, ուստի անհրաժեշտ է մշակել գյուղատնտեսական քաղաքականություն, որն առայժմ բացակայում է»,-հավելել է նա:

Ինչպես հաղորդել է Դաֆինա Գերչևան, 2012թ ՄԱԿ-ը կշարունակի Հայաստանում իրականացնել բազմաթիվ ծրագրեր` ուղղված գյուղատնտեսական քաղաքականության մշակմանը, տեխնիկական աջակցման ցուցաբերմանը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News