9 մայիսի 2012 - 11:34 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Շուշի. 20 տարի առանց պատերազմի
1992 թվական. «Ինչպե՞ս կարող է հարազատ քաղաքի ազատագրման գործողությունն ավարտվել անհաջողությամբ: Դրանից հետո մենք ի՞նչ հայ ենք»
20 տարի: Ուղիղ 20 տարի առաջ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրն ազատագրվեց Շուշին, ինչպես համարում են շատերը ղարաբաղյան պատերազմի «Ստալինգրադը», որը բեկումնային եղավ պատերազմի ընթացքի համար, ճանապարհ բացեց դեպի հայերի հաղթանակները: Փոքր քաղաքը, անառիկ ամրոցը, շրջապատված խորը կիրճերով, հայերի մեջ համոզվածություն ներշնչեց Արցախն ադրբեջանական լծից ազատագրելու հնարավորության մեջ:

Բայց դա հետո: Իսկ 20 տարի առաջ Լեռնային Ղարաբաղում հասկանում էին, որ Շուշիի ազատագրումն ուղղակի կենսականորեն անհրաժեշտ է: Քաղաքի բարձունքից ադրբեջանցիները գնդակոծում էին Ստեփանկերտը «Գրադ» համակարգերից: Ստեփանակերտը գրեթե 70 տոկոսով ոչնչացված էր, մարդիկ ապրում էին նկուղներում, չկար ոչ հաց, ոչ ջուր… Հապաղել չէր կարելի:

«Հայաստանի ղեկավարությունը հավանություն չէր տվել այդ գործողությանը, և մենք ոչ մի հստակ ցուցում չունեինք, սակայն անհրաժեշտ էր գործել: Հենց այդ պատճառով կայացավ 72 հրամանատարների խորհրդակցություն, որոնք միաձայն որոշեցին, որ օպերացիան պետք է անցկացվի: Դուք գիտեք, հրամանատարները պետք է կատարեին իմ հրամանը, սակայն այնպես ստացվեց, որ ես կատարեցի նրանց հրամանը»,- պատմում է Շուշիի ազատագրման գործողության հեղինակ նշանավոր Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարով. «Միաժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Շուշիի ազատագրման գործողությունը կարող էր ձախողվել: Քաղաքում մշտապես հնչում էր նույն հարցը. «Ե՞րբ ենք գրավելու Շուշին»: Մի անգամ ես հարցրեցի ծանոթ տարեց մարդուն, ով, ի դեպ, այժմ բնակվում է Շուշիում. «Իսկ ի՞նչ անել, եթե գործողությունն անհաջողությամբ ավարտվի»: Նա ուշադիր նայեց ինձ և հարցին հարցով պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է հարազատ քաղաքի ազատագրման գործողությունն անհաջողությամբ ավարտվել: Այդ ժամանակ ո՞ւմ ենք մենք պետք: Դրանից հետո մենք ի՞նչ հայ ենք»:

Արցախյան պատերազմի վետերան, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյան. «Չնայած զենքի և զինամթերքի պակասին, մարդիկ հերթ էին կանգնում Շուշիի ազատագրման գործողությանը մասնակցելու համար: Իմ կարծիքով, այդ ժամանակ աշխարհում չկար մի հայ, ով դեմ լիներ Շուշիի ազատագրման գաղափարին»:

Արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյան. «Շուշիի ռազմական գործողությունը տեղափոխվել էր մայիսի 7, մինչև Սուրբ Խաչի երևման օրը, և դա պատահական չէր: Հոգևոր լիցքեր զգացին նաև ռազմական գործողության մասնակիցները:

Բոլորը խաչ էին կրում: Ով խաչ չուներ, նրանք նկարում էին համազգեստի մեջքին կամ թևքին: Նույնիսկ տանկերի և զրահամեքենանեի վրա խաչեր էին: Թվում էր, ինչ-որ մեկը վերևից ուղորդում էր մեզ և մենք նվազագույն կորուստներով մտանք Շուշի...»

Շուշիի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»` ռազմական գործողության համար անսովոր անվանում: Նման արտասովոր անվանման պատճառն այն փաստն էր, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պետք է լավ պատրաստվել: «Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- պատմում է Կոմանդոսը:

Սկսվեց գործողության պատրաստությունը: Կոմանդոսի ողջ ջոկատը, կազմված 3800 հոգուց, գործողությունն իրականացնելու համար բաժանվեց 5 խմբերի` կազված 615-ական մարտիկներից: Գործողությունը սկսվեց մայիսի 8-ին ժամը 02:30-ին: Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային պատրաստությունը, որից հետո սկսվեց գրոհը քաղաքի վրա: Գնդապետ Արկադի Կարապետյանի գումարտակը 400 զինվորով սկսեց հարձակումը Շոշ գյուղի կողմից: Հյուսիս-արևելյան ուղղությամբ գրհեց Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտը: Արևելքից հարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինվորներով արդեն առավոտյան քաղաքի մերձակայքում էր: Հարավից գրոհեցին աֆղանական վետերաններ Նվեր Չախոյանի վաշտը և Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի գումարտակները: Միևնույն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շրջանցեց քաղաքը և մոտեցավ հարավ-արևմուտքից` ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջավադլար և 17 այլ գյուղեր: Արթուր Առաքելյանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը` Վերին Զարիսլոն: Արդեն առավոտյան նրանց միացավ Վալերի Չտչյանի գումարտակը: Հենց այդ գումարտակի 4-րդ վաշտին բախտ վիճակվեց առաջինը մտնել քաղաք:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան. «1992-ին Ղարաբաղի պատմական մայրաքաղաքում՝ Շուշիում, ազատագրման պլանը համապատասխանում էր ռազմական գիտության բարձրագույն չափանիշներին: Շուշիի ազատագրումը հայոց բանակի ամենագլխավոր հաղթանակներից էր»:

«Մարտիկ» թերթ, 1993թ. «Իր 273-ամյա պատմության ընթացքում Շուշիի ամրոցը, որը միշտ հայտնի էր իր անառիկությամբ, առաջին անգամ հանձնվեց հանուն պատմական արդարության: Ռազմական գործողության ընթացքում, որը տևեց երկու օր, ակնհայտ դարձավ մարդկային արժանապատվության անվիճելի փաստը, որը կոչված է ծառայել հայրենիքին, որը վառ կերպով դրսևորվեց 1-ին, 4-րդ, 6-րդ, Ակնաղբյուրի, Բալուջինի վաշտերի սխրագործություններում»:

Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան. «Շուշիի ազատագրմամբ մենք պատասխան տվեցինք նրանց, ովքեր ներքաշեցին մեզ պատերազմի մեջ: Դրանից սկսվեցին մեր հաղթանակները: Դա մեր քաղաքն է և մենք պետք է հավերժ պահպանենք այն»:

Արկադի Տեր-Թադևոսյան. «Մենք պարտվելու իրավունք չունեինք, մենք պետք է կամ հաղթեինք, այսինքն ազատագրեինք քաղաքը, կամ պետք է ոչ ոքի լիներ, այսինքն մենք պետք է շրջապատեինք քաղաքը և պաշարման մեջ պահեինք այն»,- ասում է նա և հավելում, որ չի կասկածել իր զինվորների հաղթանակի մեջ: «Դուք հասկանում եք, որ կարևոր դեր է խաղացել մեր մարտական ոգին:Բացի դրանից, դա մեր քաղաքն էր, որտեղ ամեն քարը, ամեն ճանապարհը մեզ համար հազարատ էր, ինչը ոչ պակաս կարևոր է»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան. «Շուշիի ազատագրումը դարձավ բարիքի հաղթանակ չարիքի և բարբարոսության նկատմամբ: Նրանք, ովքեր անմահացան հերոսամարտում, շարունակում են իրենց մեծագույն առաքելությունը որպես բարոյական և քաղաքական լիցքեր»:

«Արաբո» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյան. «Մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը, պետք է համահայկական տոն դառնա: Այն պետք է շքերթների օր դառնա, որպեսզի այն լինի համաժողովրդական, համահայկական, որպեսզի մարդիկ անհամբերությամբ սպասեն դրան»:

Այսօր Շուշին վերականգնվում է՝ թոթափելով թուրքական լծի և պատերազմի սարսափելի հիշողությունները: Այսօր շուշեցիներն ապրում են խաղաղ կյանքով, գնում են աշխատանքի, ընտանիք են ստեղծում, դաստիարակում են երեխաներին: Բայց նրանց աչքերը, «պատերազմի երեխաների» խիստ աչքերը խոսում են այն մասին, որ անհրաժեշտության դեպքում բոլորը՝ փոքրից մինչև մեծ, կպաշտպանեն հայրենի քաղաքը, հայրենի հողը: Եվ կկանգնեն մինչև վերջ, մինչև նոր Հաղթանակ:

ՖՈՏՈՇԱՐՔ