25 հունիսի 2012 - 16:46 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի Օլիմպիական հավաքականի 25 մարզիկներ Լոնդոնում ելույթ կունենան 10 մարզաձևում
Նախորդ Օլիմպիադայի հետ համեմատած` հայ մարզիկների թիվը ոչ ավելացել և ոչ էլ պակասել է
Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկներկին մնացել է 32 օր: Հուլիսի 27- ին Օլիմպիական ջահը կժամանի Լոնդոն` ազդարարելով 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկը: 36 մարզաձևում 203 երկրների ներկայացուցիչներ կպայքարեն քառամյակի ամենակարևոր ու սպասված մեդալների համար: Անկախ Հայաստանի պատմության մեջ միայն հունահռոմեական ըմբիշ Արմեն Նազարյանին է հաջողվել նվաճել Օլիմպիական ոսկե մեդալ:

4 տարի առաջ` 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրին 25 մարզիկ` 9 ըմբիշ, 6 ծանրորդ, 4 բռնցքամարտիկ, 2 ձյուդոիստ, 2 ատլետ, 1 հրաձիգ և 1 լողորդ:

Հայ մարզիկներին հաջողվեց նվաճել 6 մեդալ և վեցն էլ բրոնզե: Երեքական մեդալներ նվաճեցին ծանրորդները, երկուական` հունահռոմեական ըմբիշները և մեկ մեդալ էլ գրանցվեց բռնցքամարտիկների օգտին:

Ութամյա ընդմիջումից հետո Հայաստանին առաջին Օլիմպիական մեդալ պարգևեց 55 կգ ըմբիշ Ռոման Ամոյանը: Նույն օրը երկրորդ մեդալն ապահովեց 69 կգ քաշային ծանրորդ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը: Ծանրորդներից մեդալներ նվաճեցին նաև Գևորգ Դավթյանը (77 կգ) և Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը (85 կգ): Գերծանր քաշային կարգում Հայատսնի ներկայացուցիչ հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեևը և բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը (60 կգ):

Այս ելույթից հետո էլ պեկինյան հավաքականն անվանվեց «Հայաստանի բրոնզե հավաքական»:

Արդեն չորս տարի անց` 2012 թվականին Հայաստանի Օլիմպիական հավաքականն արդեն պատրաստվում է Լոնդոնի խաղերին: Այս չորս տարիների ընթացքում հայ մարզիկները մասնակցել են մի շարք վարկանշային մրցաշարերի և նրանցից 25-ը նվաճել է վարկանիշ:

Փաստորեն, նախորդ Օլիմպիադայի հետ համեմատած` հայ մարզիկների թիվը ոչ ավելացել և ոչ էլ պակասել է: Պարզապես ընդլայնվել է մարզաձևերի քանակը: Այս տարի մեր երկիրը ներկայացուցիչ կունենա 10 մարզաձևում` ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, ձյուդո, հրաձգություն, հեռացատկ, լող, թաեքվոնդո, գիմնաստիկա և նիզակի նետում: Անցած խաղերում մեր երկիրը կանանց պայքարում ունեցել է երկու ներկայացուցիչ, այս տարի նրանց թիվը հասել է չորսի:

PanARMENIAN.Net-ը հաջողություն է մաղթում Հայաստանի բոլոր ներկայացուցիչներին` ակնկալելով որքան հնարավոր է շատ մեդալներ:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News