Ֆրանսիայի ԱԳ նոր նախարարի անձը բավականին հետաքրքիր է, իսկ նրա կարյերան կարող է բացատրություն տալ Ֆաբիուսի բազմաթիվ հայտարարությունների` ինչպես ներկա, այնպես էլ վաղուց արված: Wikipedia-ն գրում է. Լորան Ֆաբիուսը ծնվել է 1946թ օգոստոսի 20-ին Փարիզում, հրեա արթ-դիլլերի ընտանիքում: Ունի երկու որդի պրոդյուսեր Ֆրանսուազա Կաստրոյի նախկին կնոջից: Ֆրանսիայի ամենաճոխ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը` Ադմինիստրացիայի բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո, Ֆաբիուսը որպես աուդիտոր է աշխատել Պետական խորհրդում: Առաջին անգամ Սոցիալիստական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել 1978թ: Դրանից կարճ ժամանակ անց, ներառվել է սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Միտտերանի մերձակա շրջապատում: Երբ 1981թ Միտտերանն ընտրվել է նախագահի պաշտոնում, Լորան Ֆաբիուսը դարձել է բյուջեի նախարար, իսկ երկու տարի անց` վարչապետ: Նա կողմ էր հանդես գալիս «նոր» ֆրանսիական սոցիալիզմին, բաց շուկայական տնտեսությանը: Նա հանգստի էր անցել 1986թ խորհրդարանական ընտրություններում սոցիալիստների պարտությունից հետո:Ֆաբիուսը գլխավորել է սոցիալիստների ճամբարը, ովքեր դեմ էին հանդես գալիս Եվրոպական սահմանադրության վարեականացմանը, սակայն 2004թ դեկտեմբերի 1-ին ՖՍԿ-ն կողմ է արտահայտվել Սահմանադրությանը: Դրանից հետո ևս Ֆաբիուսը հանդես էր գալիս Սահմանադրության հակառակորդների ճամբարում և անգամ համարվում էր շարժման առաջնորդ: Երբ ֆրանսիացիները 2005թ հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկեցին Եվրոպական սահմանադրությանը, նրան թույլ տվեցին մնալ կուսակցությունում, սակայն զրկեցին կուսակցության Ազգային գործադիր կոմիտեում զբաղեցրած պաշտոնից: Ֆաբիուսը`2007թ ընտրություններում Նիկոլյա Սարկոզիի չկայացած հակառակորդը, որոշ ժամանակ սերտ հարաբերությունների մեջ էր մոդել Կարլա Բրունիի` Սարկոզիի ներկայիս կնոջ հետ: 2012թ մայիսի 16-ին նշանակվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար` Ժան-Մարկ Էրոյի սոցիալիստների կառավարությունում: Ծայրահեղ սխալ կլիներ Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքերը կապել նրա ծագման և, առավել ևս, նախկին նախագահ Սարկոզիից «վրեժ լուծելու» ցանկության հետ: Ամեն ինչ շատ ավելի թափանցիկ է. իշխանության եկած սոցիալիստները որոշել են, որ այն ամենը, ինչը նրանցից առաջ է եղել, սխալ էր և սկսել են ուղղել պատմությունը: Առհասարակ, պետք է ասել, որ այս գիծը բնորոշ է բոլոր սոցիալիստական կուսակցություններին: Սակայն տվյալ պարագայում, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը ակնհայտորեն սխալվել է` մինչև վերջ չկշռադատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների հետևանքները: Հարցն անգամ հայ համայնքի ազդեցության մեջ չէ, ինչն ինքնին արդեն իսկ բավականին լուրջ է: Փաստացի, սոցիալիստները շարժվել են Թուրքիայի ցանկությամբ, և այժմ Ֆրանիսայի մասին խոսել որպես գերտերություն, համենայն դեպս, այնքան էլ ճիշտ չէ: Երկիրը, որը սպառազինության մատակարարման և Թուրքիայի կասկածելի աջակցության համար կարող է սիրիական հարցում փոփոխել իր քաղաքականությունը առաջնային խնդիրներից մեկի` մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինքնաբերաբար վերածվում է Թուրքիայի դաշնակցի` դրանից հայերի համար բխող բոլոր հետևանքներով: Ամերիկացի քաղաքական գործիչ և սոցիոլոգ Զբիգնև Բժեզինսկին «Հզոր շախմատային տախտակ. Ամերիկայի գերիշխանությունը և նրա գեոռազմավարական իմպերատիվները» գրքում գրում է. «Ֆրանսիան տնտեսական առումով շատ ավելի թույլ է Գերմանիայից, իսկ նրա ռազմական ապարատը (ինչպես ցույց է տվել 1991թ Պարսից ծոցի պատերազմը) չի առանձնանում բարձր կոմպետենտությամբ: Այն միանգամայն հարմար է աֆրիկյան բնակավայր-պետություններում ներքին հեղաշրջումները ճնշելու համար, սակայն ի զորու չէ պաշտպանելու Եվրոպան և իր ազդեցությունը Եվրոպայի սահմաններից շատ ավելի հեռուն տարածելու: Ֆրանսիան Եվրոպական միջին կարգի գերտերություն է` ոչ ավել, ոչ պակաս»: Ինչը և ապացուցում են Ֆրանսուա Օլլանդը և նրա նախարարների կաբինետը:
Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները սրվել էին Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի պատճառով: Կայացած նախագահական ընըտրություններում Նիկոլյա Սարկոզիի պարտությունից հետո, նախկին երկկողմ հարաբերությունները վերականգնելու հույս առաջացավ: Փարիզի Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում Դավութօղլուն հանդես եկավ «Ֆրանկո-թուրքական հարաբերությունները փոփոխվող միջազգային և տարածաշրջանային իրադրությունում» թեմայով դասախոսությամբ: Չեղյալ են համարվել նաև Ֆրանսիայի նկատմամբ բոլոր թուրքական պատժամիջոցները: Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է նաև. «Եթե Ֆրանսիան ցանկանա իր ավանդն ունենալ հայկական հարցի լուծման հարցում, մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի»:
Մեծ հաշվով, Ֆրանսիան ավելի ազնիվ վարվեց ամերիկացիներից, ովքեր չորս տարին մեկ խոստանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հետո նույն հաջողությամբ մոռանում իրենց խոստումները: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ 2001թ հունվարի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց բանաձև, որի համաձայն Ֆրանսիան ճանաչում է 1915-1923թթ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը և նախագահ Շիրակի կողմից օրինագծի ստորագրումից հետո, այն դարձավ պաշտոնական փաստաթուղթ: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տապալումը համարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ: Եթե իրադարձությունները շարունակեն նույն կերպ զարգանալ, ապա Լորան Ֆաբիուսի հաջորդ հայտարարությունը կլինի այն, որ ԵՄ-ն պատրաստ է Թուրքիային ներառել իր կազմում: Մինչդեռ Ֆրանսուա Օլլանդը խոստացել է հայ համայնքին անդրադառնալ ժխտման վերաբերյալ տխրահռչակ օրինագծին…