6 հուլիսի 2012 - 14:19 AMT
ՀՈԴՎԱԾ
Արթուր Գևորգյան. Ես 8 տարի սպասել եմ Օլիմպիական մեդալի ու կարծում եմ, որ տղաները կարող են մեդալներ նվաճել
Հայաստանի ձյուդոյի հավաքականը Լոնդոն կմեկնի Ուկրաինայից, որտեղ անցկացնում է վերջին հավաքը
Հայաստանի ձյուդոյի հավաքականն այս Օլիմպիական խաղերում հանդես է գալու երկու մարզիկով: Մեր երկիրը կներկայացնեն Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը:

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Արթուր Գևորգյանը նշեց, որ թիմն ունեցել է տարբեր հավաքներ, աշխատել են ֆիզիկական պատրաստվածության ու տեխնիկական խնդիրների վրա:

«Մարզումային վերջին փուլը կանցնի Ուկրաինայի, Ռումինիայի և Մոլդովայի հավաքականների հետ համատեղ հավաքով: Մարզիկները սպարինգ-մարտեր չեն ունենալու, նրանք ուղղակի պետք է միասին մարզվեն ու մեկնեն այնտեղից Լոնդոն»,- ասաց Գևորգյանը:

Մարզիչն անկեղծացավ՝ ասելով, որ Դավթյանն ու Նազարյանը դեռ ավելացնելու ու աշխատելու տեղ ունեն. «Նրանք երկուսն էլ հավասար են, ուղղակի պետք է կարողանան նաև Օլիմպիական մեդալի տիրանան: Եթե հոգեբանական առումով էլ նրանք կարողացան պինդ հոգեվիճակ ձեռք բերել, ինչին որ երկար տարիներ ձգտում ենք` կհասնենք: Ես անձամբ լավատեսորեն են տրամադրված, 8 տարի սպասել եմ Օլիմպիական մեդալի ու դա, անհիմն սպասում չէ, ռեալ է այդ ամենը ու կարծում եմ, որ մեր տղաները կարող են անել դա»:

Գևորգյանը նշեց նաև, որ այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականում կան ձյուդոիստներ, ովքեր ապագայում կհամալրեն արդեն մեծահասակների կազմը:

Իսկ մինչ այդ, Հայաստանի մեծահասակների հավաքականը պատրաստվում է Օլիմպիական խաղերին և հույս ունի, որ այնտեղից ձեռնունայն չի վերադառնալու: Իսկ լոնդոնյան խաղերը տեղի կունենան հուլիսի 27–ից մինչև օգոստոսի 12-ը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News